Շիրակի մարզկենտրոն Գյումրու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Գյումրի-2» ենթակայանն այսուհետեւ նոր, միջազգային ստանդարտներին ու համապատասխան սարքավորումներով կաշխատի, ինչի արդունքում կնվազեն ենթակայանի տեխնիկական կորուստները, շահագործման ծախսերը: 1972-1973թթ. կառուցված ենթակայանը վերականգնվել է Գերմանիայի զարգացման բանկի (KfW), ՀՀ ֆինանսների նախարարության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրված «Գյումրի-2 ենթակայանի վերականգնում» վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման պայմանագրով: Տասնամյակների շահագործման հետեւանքով ենթակայանի՝ ֆիզիկական մաշվածության ենթարկված սարքավորումները նորերով փոխարինելու, ինչպես նաեւ ենթակայանի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2014թ. փետրվարի 13-ին:
Ենթակայանի բացման արարողությանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն աշխատանքային այցով գտնվում էր Շիրակի մարզում:
Նախագահը ծանոթացել է ենթակայանի վերականգնման վարկային ծրագրին եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացվող այլ ներդրումային ծրագրերին:
Նշենք, որ ենթակայանն ունի տեղական ու տարածաշրջանային ռազմավարական կարևորություն: Այն սնում է Գյումրի քաղաքը և Շիրակի տարածաշրջանը, ինչպես նաև 110 ԿՎ օդային գծով կապվում է Վրաստանի էներգահամակարգի հետ, իսկ «Ղարս» 220 ԿՎ օդային գծով` Թուրքիայի հետ:
«Գյումրի-2»-ն ամբողջությամբ վերակառուցված 220 ԿՎ լարման 4-րդ ենթակայանն է «Վանաձոր-2», «Կամո» և «Ալավերդի-2» ենթակայաններից հետո:




























