Ռուսաստանում կեմերովյան անտառում շունը 10 օր շարունակ հսկել է որսի ժամանակ սպանված տիրոջ դին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով շրջանային հետաքննական մարմնի մամուլի ծառայությանը:

«Տուժածն անձնական «Նիվա» ավտոմեքենայով ընկերոջ հետ միասին գնացել է որսի: Նախնական տեղեկություններով, մեքենայում տղամարդիկ վիճել են, ինչից հետո 48-ամյա ուղեւորը մի քանի անգամ դանակով հարվածել է վարորդին եւ սպանել նրան: Դրանից հետո նա մարմինը նետել է թփերի մեջ եւ դիմել փախուստի»,- ասված է հաղորդագրությունում:

10 օր անց սունկ հավաքողները, լսելով շան հաչոցը, հասել են հանցագործության վայր եւ հայտնաբերել դիակը: Շունը նստած է եղել տղամարդու մարմնի մոտ եւ ոչ ոքի մոտ չի թողել:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «սպանության» հոդվածով: Անցյալ գիշեր կասկածյալը ձերբակալվել է: