Համաներումը պետք է տարածվի նաև 2008թ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված ձերբակալված անձանց վրա։ Հունիսի 16-ին ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի հետ հանդիպման ժամանակ ասել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը սպասվող համաներման վերաբերյալ հայտնել է իր դիրքորոշումը՝ ասելով, թե համաներումը պետք է գործողության լայն շրջանակ ունենա և տարածվի նաև մարտիմեկյան իրադարձությունների հետ առնչվող ձերբակալվածների վրա, այլապես համաներումը չի նպաստի հասարակության համախմբմանը։
Խոսելով վկաների վրա ճնշումներ գործադրելու խնդրի մասին՝ Արմեն Հարությունյանն ասել է, որ դեռ 7-8 ամիս առաջ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վկաների վրա ապօրինի ճնշումներ գործադրելու վերաբերյալ բողոքներ է ստացել, սակայն հատուկ քննչական մարմինը եւ գլխավոր դատախազությունը այս բողոքներին հատուկ ուշադրություն չեն դարձրել։ Արդյունքում վկաները հրաժարվել են դատարանում նախկինում տված ցուցմունքներից, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին եռօրյա այցով Երեւան են ժամանել ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն, որոնք հանձնաժողովի հուլիսյան նիստին զեկուցագիր կներկայացնեն Հայաստանի իրավիճակի մասին։ Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Փաստահավաք խմբի նախկին անդամների և մարտիմեկյան դեպքերին առնչվող որոշ կալանավորների փաստաբանների ու հարազատների հետ։



























