Փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Ռուբեն Սահակյանը հետաքրքրված չէ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանից ներկայացվելիք դատավորների մրցույթով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ թեկնածուներից միայն երկուսին գիտի՝ միջազգայնագետ Արա Ղազարյանին եւ փաստաբան Վահե Գրիգորյանին, շատ բարձր է գնահատում նրանց պրոֆեսիոնալիզմը եւ երկուսին էլ երկու ձեռքով կողմ է:Մյուս թեկնածուներին, ինչպես նաեւ մրցույթի անցկացման կարգին Ռուբեն Սահակյանը ծանոթ չէ, այդ պատճառով չցանկացավ կանխատեսում անել: 

Խոսելով ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի աշխատանքի մասին՝ Փաստաբանների պալատի նախկին նախագահն ասաց, որ դա բացարձակ նշանակություն չունի, եթե ներսում ոչինչ չենք անում: «Մեր Վճռաբեկը մեռավ լավ որոշումներ ընդունելով, Եվրադատարանից էլ լավ, բայց ո՞վ է կատարում, առաջին ատյանը, վերաքննիչը դրանք չի կատարում, Վճռաբեկը նույնպես թքած ունի իր որոշումների վրա եւ հենց Վճռաբեկ դատարանն ու այդտեղի դատավորներն են մեղավոր, որ Հայաստան այդքան գումարային վնաս է կրում»,-ասաց Ռուբեն Սահակյանը:

Նշենք, որ մրցույթին դիմել էին հետեւյալ անձինք.

1. Հակոբ Գեղամի Ղարախանյան – մինչը 2013 թվականը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ Լոռու մարզի դատախազ,

2. Նելիկ Նիկողոսի Հարությունյան- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,

3. Դավիթ Մհերի Խաչատուրյան- «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր, դասախոս

4. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան- ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս

5. Եղիշե Գրիգորի Կիրակոսյան- ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,

6. Արմեն Միխաիլի Մելքումյան- «Ֆիդելիթի Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ

7. Արայիկ Գառնիկի Ղազարյան- «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս,

8. Դավիթ Լեւոնի Հակոբյան - «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպություն` իրավախորհրդատու

9. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան - Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

10. Վահե Միշայի Գրիգորյան - փաստաբան,

11. Արմեն Շուրայի Հարությունյան - Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր,

12. Արայիկ Միխաիլի Մելքումյան- Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

 13. Նորա Արայիկի Կարապետյան - Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

14. Արման Ֆրեդերիկի Սարվարյան - Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն, Սըրիի համալսարանի դասախոս: