Հայաստանի 2015թ.-ի պետական բյուջեում առաջին անգամ արտոնություններ են սահմանվել սահմանամերձ գյուղերի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Հայաստան այցելած ԱՄՀ առաքելության առաջարկով, արտոնություններ կլինեն ոչ միայն օրենքի մակարդակում, ինչպես նախկինում էր, այլ կներառվեն նաեւ պետբյուջե, որպեսզի արտացոլեն դրա ազդեցությունը պետական եկամուտների վրա: Շուտով, հավելել է նա, արտոնությունները կքննարկվեն խորհրդարանում օրինագծի տեսքով: «Մեղմ ռեժիմ աշխատանքի համար, ընդ որում տարբեր բնագավառներում, կստանան սահմանամերձ գյուղերի տնտեսվարող սուբյեկտները»,- հավելեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, ինչպես նախկինում նշում էր Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, 2015թ.-ին ՀՀ կառավարությունը ծրագրում է հարկային արտոնությունների սահմանել, սակայն նեղ ու հասցեագրված բնույթի:



























