Մոսկվայում 98 տարեկան հասակում մահացել է ականավոր ռեժիսոր, Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Յուրի Պետրովիչը մահացել է Բոտկինի հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր այս շաբաթ, ծանր վիճակում»,-նշում է գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական շրջանակների իր աղբյուրը:
«Չնայած ինտենսիվ համալիր բուժման կուրսին, որի ժամանակ օգտագործվել են ամենաժամանակակից դիագնոստիկ միջոցառումներ, Յուրի Լյուբիմովը մահացել է կյանքի 98-րդ տարում»,-նշել է Բոտկինի հիվանդանոցի ներկայացուցիչը:
Տագանկա թատրոնի հիմնադիրը ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 2-ին:
Յուրի Լյուբիմովը ծնվել է 1917 թվականի սեպտեմբերի 30-ին: Նա Տագանկայի թատրոնը հիմնադրել է 1964 թվականին: Ռեժիսորը ղեկավարել է այդ թատրոնը 20 տարի, մինչեւ 1984 թվականը, երբ զրկվել է ԽՍՀՄ քաղաքացիությունից: 1989 թվականին Լյուբիմովը վերադարձել է Տագանկա թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնին:




























