Օրական 2-3 հազար դրամ եկամուտով ոչ ոք սեփական գործ չի բացելու: Բացի այդ, նույնքան, կամ քիչ ավելի, կարողանում է աշխատել ձեռներեցը, եթե աշխատում է ԱԱՀ ռեժիմում՝ նույնիսկ արտոնյալ, թեեւ լիարժեք փաստաթղթականացմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Հայաստանի Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Հայտնի է, որ Հայաստանում խանութների օրական 100 հազար դրամի շրջանառության եկամուտը կազմում է 10-12 հազար դրամ(մոտ 30 դոլար՝ խմբ.): Սակայն այստեղից հարկավոր է հարկեր ու վարձակալության դիմաց վճարել, աշխատավարձ վաճառաողին ու բանվորին: Ստացվում է օրական 2-3 հազար դրամ: Բնականաբար, դրա համար ոչ ոք խանութ չի բացելու»,- հայտարարել է Մելքումյանը:
Մյուս կողմից, ավելի մեծ շրջանառության դեպքում բիզնեսը անմիջապես հայտնվում է ԱԱՀ-ի դաշտում: Ու եթե շրջանառության հարկը առեւտով զբաղվողների համար նախկինում կազմում էր 3,5 տոկոս, իսկ հիմա կրճատվել է մինչեւ 1 տոկոսի, ապա ԱԱՀ-ն հավասար է շրջանառության 8-9 տոկոսի: «Բնականաբար, տրամաբանական է ենթադրել, որ ձեռնարկատերերը պարզապես ցույց չեն տալիս իրենց ողջ շրջանառությունը: Հակառակ դեպքում նորմալ չեն կարող գործել: Բայց եթե կառավարությունը բարձրացնի ԱԱՀ շեմը, այդ խնդիրն ինքստինքյան կլուծվի: Կարելի կլինի նորմալ եկամուտ ունենալ, միաժամանակ մնալ շրջանառության հարկի տիրույթում»,-հայտարարել է Մելքումյանը:
Հարցին, թե կարող է պետությունը չհավաքագրել ԱԱՀ-ն, եթե հարկատուները հայտնվել շրջանառության հարկի տիրույթում, Մելքումյանը պատասխանել է, որ ԱԱՀ-ի շեմը տարեկան շրջանառության մինչեւ 100 մլն դրամ բարձրացնելու դեպքում նվազող եկամուտները կկազմեն 20-150 մլրդ դրամ: «Բայց դրանք հեշտությամբ կհամալրվեն աճող տնտեսական ակտիվությամբ եւ բնակչության վճարողունակությամբ: Պարզ ասած, երկրում ստեղծվում են ավելի շատ աշխատատեղեր եւ փող»,-հայտարարել է Մելքումյանը:




























