«Հայազն» կուսակցությունը դեկտեմբերին կազմակերպում է Քաղաքական խորհրդի ընտրություններ: Քաղաքական խորհուրդը գործիչների այն խումբն է, որին «Հայազնի» անդամները եւ համակիրները կվստահեն հանդես գալ իրենց անունից հավաքական քաղաքական դիրքորոշումներով եւ հանրությանը ներկայացնել ազգային-պետական ճգնաժամը հաղթահարելու հեղափոխական ծրագիր:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրյակին ընտրված քաղաքական խորհուրդը կգլխավորի «Հայազնի» կամ «Հայազնի» մասնակցությամբ ազգային հեղափոխության ճակատի թեկնածուների ցուցակը, Ազգային հեղափոխության մանդատ կհայցի հայ ընտրողից եւ կառաջնորդի նրա պայքարը հանուն նոր` իսկապես ազգային պետության:
Քաղաքական խորհրդի ընտրությունը ուղղակի է, տարեկան պարբերականությամբ եւ վարկանիշային քվեարկությամբ: Դրան որպես ընտրողներ եւ թեկնածուներ մասնակցելու են ոչ միայն «Հայազն» կուսակցության բոլոր անդամները, այլեւ նախապես արձանագրված համակիրները` կուսակցականներին հավասար պայմաններով:
Քաղաքական խորհրդի ընտրությունը կազմակերպելու է «Հայազն» կուսակցության ղեկավար մարմինը` վարչությունը, որի անդամները չեն կարող ընտրվել քաղաքական խորհրդի կազմում: «Հայազն» առաջիկա համագումարում կսահմանեն թեկնածուների առաջադրման եւ ընտրողների գրանցման վերջնաժամկետները, ինչպես նաեւ նախընտրական քննարկումների եւ քվեարկության կարգերը:
Նախընտրական քննարկումների ընթացքում թեկնածուները պարտավոր են հանդես գալ իրենց ծրագրային առաջարկություններով, որոնք չեն կարող հակասել «Հայազնի» հիմնական գաղափարական սկզբունքներին: Ընտրողները հնարավորություն կունենան ծանոթանալու բոլոր թեկնածուների դիրքորոշումներին, մասնակցելու քննարկումներին:
Ընտրական գործընթացը ֆինանսավորվելու է ընտրողների մասնակցության վճարներով:




























