Մտցնելով փաստաթղթաշրջանառության պահանջ, մենք ոչ թե տեխնիկական հարց ենք լուծում, այլ վերացնում ենք ըստ էության ՓՄՁ-ները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով բուռն հակազդեցություն առաջացրած «շրջանառության հարկի մասին» օրենքին, որն ուժի մեջ է մհել հոկտեմբերի 1-ից:

Նա մասնավորապես, գրել է.

«Խոսքը, նախեւառաջ, փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ (ՓՄՁ) շրջանառության հարկի (ՇՀ) տոկոսադրույքի իջեցման մասին է (3 տոկոսից 1 տոկոսի)։ Միեւնույն ժամանակ ՓՄՁ-երից պահանջվում է փաստաթղթավորել գնումները։ Այս վերջին պահանջը բացատրվում է խոշոր բիզնեսի տնտեսական շրջանառությունը վերահսկելու անհրաժեշտությամբ։ Այս «բարեփոխման» մեջ անհասկանալի է սկզբունքը. իջեցնել հարկի տոկոսադրույքը՝ այն «փոխանակելով» գնումների վերաբերյալ հաշվետվությամբ։ Սրանից մի քանի տարի առաջ, երբ նաեւ ընդդիմության ջանքերով, այս հարկատեսակը մտցվեց, նպատակ դրվեց. մարդը վճարել է շրջհարկը վերջ, դու նրա հետ գործ չունես։ Ումի՞ց է հումք ձեռք բերել, քանի մլն կամ մլրդ է վաստակել, քո (պետության) գործը չէ։

Դժբախտաբար մեր պետության մեջ չինովնիկները ՓՄՁ ասելով հասկանում են տնտեսական շրջանառության ծավալ, այլ ոչ թե հարկման մեխանիզմ։ Շրջանառության ու եկամուտների ծավալից ավելի կարեւոր է այն, որ ՓՄՁ համար վերացվում են շահութահարկն ու ԱԱՀ-ը եւ մտցվում է շրջհարկ։ Այսինքն, հարկայինը միջամտելու, ստուգելու իրավունք չպիտի ունենա, հաշվապահություն պահելու անհրաժեշտություն չպիտի լինի։ Այսպիսով, մտցնելով փաստաթղթաշրջանառության պահանջ, մենք ոչ թե տեխնիկական հարց ենք լուծում, այլ վերացնում ենք ըստ էության ՓՄՁ։ Բազմիցս բացատրել եմ, խոշոր բւզնեսի կանոններով հարկվող ՓՄՁ որեւէ առնչություն չունի փոքր կամ միջին բիզնեսի հետ։

Ինչ վերաբերում է նշված փաստաթղթավորման միջոցով խոշորին իբր թե հսկելու փաստարկին, ապա այն տեղին չէ։ Խոշորին ուզում եք ստուգել արեք դա ուղղակիորեն՝ մտեք եւ ստուգեք։

Առանձին խոսակցության առիթ են նաեւ սահմանամերձ գյուղերում բիզնես համույթը հարկերից ազատելու եւ ՏՏ ոլորտ հարկային արտոնութունների մասին ծրագրերը։ Պիտի հորդորեի չշտապել։ Լուրջ քննարկել։ Նախ, հարկային արտոնությունը բիզնեսը խրախուսելու լավագույն ձեւը չէ։ Երկրորդ, մակրոտնտեսական քաղաքականության մեջ կարեւոր է տեխնիկան, վարպետությունը։ Տալու ձեւ կա։ Երբեմն արտոնություն տալով «Ա» ճյուղին դուք կարող վերացնել «Բ-Ճ» ճյուղերը»: