Առաջին անգամ Հայաստանում ոչ իշխանական կուսակցությունների կողմից առաջ քաշվեց  ոչ թե քաղաքական, այլ սոցիալական օրակարգ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Վանաձորում կայացած ոչ իշխանական եռյակի մարզային իրազեկման հանրահավաքին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Ընդամենը մեկ խնդիր կա, որ ես այսօր մատնանշելու եմ, որի համար մենք սկսեցին այս արշավը, որի համար հավաքվելու ենք հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքում: Դա դրսեւորումն է արդեն ճգնաժամային մակարդակի հասնող  գործազրկության, 40 տոկոսի հասնող աղքատության, տուգանքային ռեկետի: Դա դրսեւորումն է անտարբերության եւ արհամարհանքի մեր երկրի քաղաքացու նկատմամբ»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով՝ իր ներկայացրած խնդիրները ստիպեցին ոչ իշխանական երեք քաղաքական ուժերին ուս-ուսի տված այն վերածել քաղաքական  օրակարգի, որովհետեւ այլ տարբերակ իշխանությունները չթողեցին:

Ուրիխանյանը հավաքվածներին խնդրեց, որ հանրահավաքը անցնի հարց ու պատասխանի ձեւով, որպեսզի իրենք կարողանան հասկանալ քաղաքացիների մտահոգությունները:

Նշենք, որ հանրահավաքը տեղի է ունենում Վանաձորի «Հայք» հրապարակում: Հանրահավաքին մասնակցում են մի քանի հարյուր վանաձորցիներ: