Ոչ իշխանական ուժերը չնայած իշխանության սպառնալիքներին, կարողացան համախմբվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Վանաձորում կայացած ոչ իշխանական եռյակի մարզային հանրահավաքին ասաց ՀԱԿ վարչության անդամ Վահան Վարդապետյանը:

«ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունը թեկուզ իշխանության սպառնալիքներին կայացավ ու ամրապնդվեց, քանի որ հասարակական պատվեր էր՝ ապահովել հասարակական համախմբումը: Այս հարթակում բացի Հայաստանի առաջին հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, եւս երկու ընտրված նախագահներ են լինելու՝ «Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւ 2012թ. ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանը»,-ասաց նա:

Ծնունդով վանաձորցի Վահան Վարդապետյանը կոչ արեց իր համաքաղաքացիներին ակտիվ լինել եւ մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:

«Ելույթս կոչ է ու հորդոր, պահանջ է ու հրաման, թեկուզ եւ խնդրանք իմ համաքաղաքացիներին, թեկուզ ահազանգ, դինջ ու անտարբեր իմ համաքաղաքացիներին, որոնք կատաղել գիտեն, որ բոլորով հավաքվեն Ազատության հրապարաոկւմ: Այս իշխանությունը թշվառություն ու ցավ է պատճառել, բզկտել ձեր ընտանիքները, մեկդ ներսում, 5-ն ու 10-ը դրսում են: Վախկոտ, ոչ ազատ քաղաքացին հոգեպես ոչ լիարժեք է, այլեւս անտանելի է, այս կեղծիքի ու անարդարության բեռը, բռնենք ու կատաղենք եւ հոկտեմբերի 10-ին մեկ մարդու  նմանն Ազատության հրապարակում հավաքվենք»,-ասաց ՀԱԿ վարչության անդամը:

Վահան  Վարդապետյանը նշել է, որ մեր երկրում ամեն ինչ կեղծվում է. «Ֆալշ է ամեն ինչ՝ կեղծ տնտեսական ցուցանիշներ, կեղծ սոցիոլոգիա, մարդահամարի անհասկանալի տվյալներ, այնպիսի զարմանահրաշ երկրում ենք  արտագաղթի հետ մեկտեղ ավելանում է ընտրողների թիվը»:

Նրա խոսքով՝ բացառիկ հնարավորություն է տրված այս բացթողումները շտկելու համար, ուստի բոլորը պարտավոր են հոկտեմբերի 10-ին հավաքվել Ազատության հրապարակում:

Նշենք, որ հանրահավաքը տեղի է ունենում Վանաձորի «Հայք» հրապարակում: Հանրահավաքին մասնակցում են մի քանի հարյուր վանաձորցիներ: