Հայաստանի գործող իշխանություններն անում են այն, ինչ ընդամենը մի քանիսին է ձեռնտու: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Վանաձորում կայացած եռյակի իրազեկման ակցիայի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեց մենաշնորհների մասին:
«Մենք ասում ենք, որ մենաշնորհ չպետք է լինի: Երբ Չեխիայում Սերժ Սարգսյանին հարցրին շաքարի մենաշնորհի մասին՝ Լֆիկի մասին, նա զարմացավ, թե նման փոքր երկրի համար տասը մա՞րդ պետք է բերեր: Իսկ ես ասում եմ, որ մեր նման երկրի համար Սերժ Սարգսյանի նման նախագահ պետք չէ, որովհետեւ օրինակ, նույն շաքարի մենաշնորհը վերացնելուց հետո շատ քաղաքացիներ կշահեն»,- ասաց նա:
Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ մենաշնորհները կարելի է վերացնել միայն իշխանություններին «քշելուց» հետո:
«ԵԽԽՎ-ում արդեն խոսում են, որ Լեռնային Ղարաբաղը համարում են Ադրբեջանից օկուպացված տարածք: Ի դեպ, սա առաջին դեպքն է: Սա նշանակում է, որ երբ մեր իշխանություններն ասում են, թե կարող է՝ վատ եք ապրում, բայց մենք այս կերպ Արցախն ենք պահում, սուտ են ասում: Այս ապաշնորհ, անգրագետ իշխանությունների պատճառով մենք կկորցնենք Ղարաբաղը»,- ավելացրեց Լեւոն Զուրաբյանը:
Նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարի ելույթին շատ բուռն են արձագանքում հավաքված վանաձորցիները:
«Մենք չենք փախչելու, Ղարաբաղն իրենք չեն պահում, մենք ենք պահում»,- գոռում են վանաձորցիները:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վանաձորում այս պահին անձրեւ է գալիս, հավաքվածները կանգնած են հովանոցներով:
Հիշեցնենք, որ եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «ժառանգության» համատեղ համապետական հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում:




























