Հայաստանում վերջին տարիներին 1 միլիոն մարդ է արտագաղթել 2.5 միլիոն մարդուց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ոչ իշխանական եռյակի Վանաձորում կայացած հանրահավաքին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Հայաստանում 240 հազար մարդ ստանում է նվազագույն աշխատավարձ, իսկ աշխատում է 550 հազար մարդ, ինչպե՞ս են մարդիկ 20-25 հազար թոշակով ապրելու, այդ պատճառով էլ մարդիկ արտագաղթում են:Աստված չանի, որ դուք երկարատեւ լուրջ բուժման կարիք ունենաք: Դրա մասին մտածելն անգամ ահավոր է»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ 16-24 տոկոսով վարկեր են տրամադրում փոքր եւ միջին բիզնեսին, այնինչ փոքր եւ միջին բիզնեսը տարեկան այդքան եկամուտ չի ունենում. «Ասինքն պետությունը բիզնեսին առաջ գնալու, զարգանալու հնարավորություն չի տալիս»:

«Քառյակը 12 կետեր է առաջադրել կառավարությանը, որի մասին կառավարությունը պատասխան չտվեց: Ի՞նչն էր պատճառը, որ Որոտանի ՀԷԿ-ը սեփականաշնորհեցին, ու էսօր էլ էլեկտրաէներգիան թանկացրել են, որի արդյունքում հայկական արտադրանքը մրցունակ չի, որովհետեւ թանկացել է ապրանքի արտադրությունը»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ Քառյակի Կառավարությանը ներկայացրած 12 կետերը քննարկվելու են նաեւ հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում: