ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Վանաձորում Խորհրդարանական ոչ իշխանական եռյակի («Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ) հանրահավաքին «ամոթանք» տվեց լոռեցիներին։
«Գյումրին, Սեւանը, Գավառը կանգնած են, բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։ Բա դուք ո՞ւր եք։ Այսինքն դուք համաձա՞յն եք։ Դուք համաձայն եք, որ մեզ ապուշի տեղ են դրել։ Շատ եք խելոք, շատ։ Շատ եք հեշտ, ճկուն, համբերատար։ Ո՞ւր ա մնացել էն լոռեցին։ Ի՞նչ եք եղել, ինչի՞ եք խեղճացել, ո՞ւմ համար եք խեղճացել։ 1988-ի շարժումը Վանաձորի համար վերելք էր, Վանաձորը շարժման կենտրոնն էր, էս մարզը տվեց 100-ից ավելի հերոսներ։ Ու հանկարծ էդ հերոսների տղերքը երկիրը լքում են։ Ե՞րբ եք ընբոստանալու, ե՞րբ եք ողնաշարներդ դզելու, ասելու՝ ես պիտի մնամ, գողերը՝ գնան։ Մի երկու գողի գնալու համար բոլորդ գնում եք»,-հանրահավաքի մասնակիցներին դիմեց Արամ Մանուկյանը։
Արամ Մանուկյանը վանաձորցիներին հիշեցրեց, որ 1988թ., երբ ամբողջ Հայաստանում գործադուլ էր, Վանաձորը դրան միացավ ամենավերջում։
«Մինչեւ հոմոզեցինք՝ Վանաձորը սկսեց, ամբողջ Հայաստանն արդեն ավարտել էր գործադուլը։ Ղարաբաղ կոմիտեից եկել էին, ասում էին՝ որոշել ենք, որ պետք է գործադուլը դադարեցնենք։ Մերոնք ասում են՝ չէ, որ չէ, հազիվ սկսել ենք, ո՞ւր դադարեցնենք։ Երեւանից շատ որ սեղմեցին, լուսահոգի Լեւոն Գրիգորյանն ասեց՝ Վանաձորը հայտարարում ենք անկախ Հայաստանից։ Լոռեցիներն ուշ են արթնանում, բայց որ արթնանում են, չեն ուզում քնեն»,-ասաց Արամ Մանուկյանը։
ՀԱԿ պատգամավորը վանաձորցիներին կոչ արեց «այս անգամ շուտ արթնանալ» եւ հոկտեմբերի 10-ին մասնակցել Երեւանում իրենց հրավիրած համապետական հանրահավաքին։
«Լոռեցիք, մի քնեք։ Հրանտ Մաթեւոսյանն ասում է՝ մեր երկրի ողնաշարը ջարդելու է եղունգի չափ խելք ունեցողը։ Այդ եղունգի չափ խելք ունեցողն այսօր ձեզ հեծնել է մինչեւ վերջ։ Բայց նույն Հրանտն էլ ասում է՝ մի վախեցեք։ Մենք այժմ իրական ցեղասպանության մասնակից ենք։ Հայաստանն այժմ ավելի թափով է ցեղասպանվում, քան ցեղասպանության ժամանակ։ Եղեռնի 100-րդ տարելիցը կդիմավորենք դատարկ Հայաստանով։ Հայաստանը կարող է դառնալ փոքր գավառ։ Հերիք եղավ, բոլ եղավ, ոտքի կանգնեք։ Մենք գնում ենք, գալի՞ս եք»,-ասաց Արամ Մանուկյանը։
Պատգամավորի ելույթին հավաքվածները արձագանքեցին «այո, այո» բացականչություններով։




























