Խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու, բռնաբարելու մեջ մեղադրվող ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատական նիստն այսօր՝ հոկտեմբեր 6-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց վիճաբանություններով եւ հայհոյանքներով։ Նիստի մեկնարկից րոպեներ առաջ մեղադրյալը թքեց մեղադրող դատախազի վրա, ինչից հետո նրանք փոխադարձ հայհոյանքեր հնչեցրին միմյանց հասցեին։
Վիճող կողմերին սաստեցին դատական կարգադրիչները եւ ամբաստանյալին ուղեկցող ոստիկանները, ինչից հետո սկսվեց դատական նիստը։ Ամբաստանյալի ծնողները դատական նիստին չմասնակցեցին. վատ զգալու պատճառով նիստերի դահլիճից հեռացավ ամբաստանյալի հայրը, այնուհետեւ դատավորը, նիստին միջամտելու համար, մինչեւ գործի քննության ավարտը դահլիճից հեռացրեց ամբաստանյալի մորը։
Ամբաստանյալի փաստաբան Արայիկ Ալվանդյանը դատարանին միջնորդեց կարճել քրեական գործը եւ արդարացնել Էդգար Վարագյանին՝ նշելով, որ քրեական գործի նյութերով իր պաշտպանյալի մեղավորությունը չի ապացուցվել։
Պաշտպանի խոսքից հետո ճառով պետք է հանդես գար նաեւ ամբաստանյալը, սակայն նա նշեց, որ ժամանակ չի ունեցել ճառին պատրաստվելու համար։
«Բանտախցում խառնաշփոթ է տիրում, չեմ կարողանում տրամադրվել, նույնիսկ քնելու տեղ չունեմ, քանի օր է՝ գետնին եմ քնում, իսկ տուժողի ցուցմունքն անընթեռնելի է», - ասաց Էդգար Վարագյանը։ Ճառին պատրաստվելու համար նա դատարանից 30 օր ժամանակ խնդրեց։
Էդգար Վարագյանը դատարանին միջնորդեց, որ իր պաշտպանական ճառին ներկա լինեն մի քանի պաշտոնյաներ՝ նշելով, որ այդ կերպ բոլորը կտեղեկանան «իր դեմ սարքվող գործի մասին»։
«Լինելով համակարգի աշխատող` պահել, պաշտպանել եմ հասարակ քաղաքացուց սկսած մինչեւ ՀՀ նախագահին, իսկ այսօր անտեղի դատվում եմ։ Կցանկանայի՝ մյուս անգամ ներկա լինեն Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հատուկ քննչական վարչության պետ Վահրամ Շահինյանը, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը։ Քանի որ տեսնում եմ, թե ոնց ա շարադրվում էս շինծու գործը, ես ուզում եմ բոլորի աչքի առաջ դա լինի։ Եթե պիտի դատեն, ուրեմն թող հանրությունը տեսնի, ես վախենալու բան չունեմ. ուզում ա 18 տարի տան, ուզում ա՝ 20-50, իմ կյանքն արդեն կործանվել ա»,- ասաց ամբաստանյալը։
Դատավորը նշեց, որ ինքն իրավասություն չունի դատարան հրավիրել գործի վարույթի հետ առնչություն չունեցող անձանց եւ մերժեց ամբաստանյալի միջնորդությունը։
Էդգար Վարագյանին 15 օր ժամանակ տրվեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատական հաջորդ նիստը՝ հոկտեմբերի 21-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Էդգար Վարագյանը 2013թ. սեպտեմբերի 23-ին կոտրել է Քարոլին Բաղումյանի տան պատուհանի ապակին, ներս է մտել եւ իր մոտ եղած խաղալիք ատրճանակով ու դանակով հարձակվել Քարոլին Բաղումյանի եւ նրա անչափահաս դստեր վրա: Այնուհետեւ Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Բաղումյանի, իսկ կպչուն ժապավենով` դստեր ձեռքերը եւ հափշտակել Բաղումյանին պատկանող գույք եւ ոսկեղեն: Այնուհետեւ Էդգար Վարագյանը մորն ու աղջկան տեղավորել է նրանց ավտոմեքենայի բեռնախցիկում, առեւանգել ու տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղին հարակից ամայի դաշտային տարածք: Այնտեղ Վարագյանը բեռնախցիկից դուրս է բերել Բաղումյանին, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, ապա բեռնախցիկից դուրս է հանել Բաղումյանի դստերը եւ, նրանց թողնելով դաշտում, մեքենայով հեռացել է։




























