Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած 59-ամյա Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը այժմ գտնվում է Վրաստանում՝ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը:

Նա նշեց, որ սահմանն անցնելուց հետո կալանավորի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ սրտի վիրահատության էր ենթարկվել, 3 ստենտ էին տեղադրել: Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալի փախուստը կապված է Հայաստանում օրենքի չկիրառման հետ: Բանն այն է, որ նա ունի մի շարք հիվանդություններ եւ մայիսից մեկուսարանից տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Հակոբ Ճարոյանը միջնորդություն էր ներկայացրել, որ նրա վիճակը ծանր է եւ խնդրել նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Եզրակացությունը փաստել էր, որ կալանավորի վիճակը ծանր է, նրա ունեցած հիվանդություններն ընդգրկված են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում»:

Դատաբժշկական եզրակացությունը ստանալուց հետո Հակոբ Ճարոյանը դիմել էր Գկխավոր դատախազին, որպեսզի վերջինս հիմք ընդունելով իր կողմից ներկայացված փաստերը՝ փոխի խափանման միջոց: Փաստաբանը խնդրել էր իր պաշտպանյալին թույլ տալ մեկնել արտերկիր՝ բուժման եւ երաշխավորել, որ նա կվերադառնա: Սակայն դատախազը մերժել էր, դրանից հետո նրանք դիմել էին դատարան եւ էլի բացասական պատասխան էին ստացել:

Օգոստոս ամսին նշանակվել էր երկրորդ դատաբժշկական փորձաքննությունը, որը եւս փաստել էր, որ նրան անհապաղ պետք է ազատել նման հիվանդությունների պարագայում: Սակայն այս անգամ էլ սկզբից դատախազը, այնուհետեւ դատարանը մերժել էին  դիմումը: Երրորդ փորձաքննությունն րէ նշանակվել, որը եւս արձանագրել է, որ Սուրենը պետք է անհապաղ ազատ արձակվի, չի կարող կալանքի տակ մնալ, սակայն այս անգամ եւս նրա խափանման միջոցը փոխելու դիմումները մերժվել են: Հակոբ Ճարոյանի փոխանցմամբ՝ տեսնելով, որ Հայաստանում օրենքը չի կիրառվում, նա դիմում է փախուստի, գնում է Վրաստան, որպեսզի այնտեղից հնարավորություն ստանա օրինական կերպով մեկնել Շվեյցարիա բուժման, քանի որ նրա հիվանդությունները կարող են միայն այնտեղ բուժել:

Սուրեն Գաբրիելյանի հայտնաբերումից հետո փաստաբանը նորից է դիմել խափանման միջոցը փոխելու խնդրով, բայց առայժմ պատասխան չկա: Այնուհետեւ նա Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ նրա փախուստի մեջ մեղավոր են նրանք, ովքեր մերժել են իր միջնորդությունները եւ կալանավորին ազատ չեն արձակել: Մասնավորապես, նրանց կողմից անտեսվել են օրենքի պահանջները եւ պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում կալանավորին դրդել են փախուստի, մինչդեռ եթե օրենքի պահանջները կատարեին, նա չէր դիմի փախուստը:

Հակոբ Ճարոյանը պատրաստվում է վաղը մեկնել Վրաստան, այնտեղ իրավապահ մարմիններին ներկայացնել նրա հիվանդությունները եւ միջնորդել, որպեսզի կալանավորին չհանձնեն Հայաստանին եւ թույլ տալ մեկնել Շվեյցարիա՝ բուժման, այնուհետեւ հետ վերադառնա Հայաստան:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոցը՝ կալանք: Արտաքին նշաններն են. հասակը՝ 165 -170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով: Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: