Բելառուսի նախագահը կոչ է անում չվերադառնալ խանական ժամանակներ եւ չվերաձեւել սահմանները: Ըստ UDF-ի՝ նման կոչով Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել «Եվրանյուզ» հեռուստալիքի հարցազրույցում: Նա նաեւ ընդգծել է, որ սատարում է Եվրոպայում սահմանների անխախտելիությունը:
Անդրադառնալով Ուկրաինայի իրադարձություններին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է, որ արեւելյան հարեւանի քարոզիչները հաճախ ընդգծում են. «Ղրիմը Ռուսաստանի տարածքն է, որը սխալմամբ անցել է Ուկրաինային»:
Բելառուսի նախագահն այս կարծիքի հետ համաձայն չէ: «Դա սխալ մոտեցում է: Այդ դեպքում եկեք վերադառնանք Բատու խանի ժամանակներ, թաթար-մոնղոլական լծի ժամանակներ: Այդ դեպքում Ղազախստանը պետք է տանք Մոնղոլիային կամ այլ մեկին: Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի գրեթե ամբողջ տարածքը՝ բացի Բելառուսից: Թաթար-մոնղոլները մինչեւ մեզ հասել են, բայց մեզ ձեռք չեն տվել: Բայց ինչո՞ւ վերադառնալ նրան, ինչ եղել է: Սահմանները վերաձեւել չի կարելի»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Նա հիշեցրել է բազմաթիվ միջազգային նորմատիվ-իրավական ակտերի մասին, որոնք սահմանում են սահմանների կայունությունն ու անխախտելիությունը: Բելառուսը լիովին ընդունում է դրանք:



























