Հայաստանի դեղագործական շուկան շատ թափանցիկ է եւ ազատ, հոկտեմբերի  7-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում դեղերի արտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Ըստ նրա՝ շուկայի շրջանառության նկատմամբ  տուփերի դրոշմակնիքների տեսքով հավելյալ  վերահսկողության կարիք չկա, ինչը արվելու է  հոկտեմբերի  31-ից սկսած:

«Աշխարհի ոչ մի երկրում նման պրակտիկա չկա: Կառավարությունում մեզ ասացին, որ կա Ուկրաինայում: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Սա հերթական փորձն է, որը հակասում է եվրոպական արժեքներին, որոնցով մենք վաղուց աշխատում ենք», - հայտարարել է Զաքարյանը:

Նա նշել է, որ վերջին մի քանի տարիներին հարկային մարմինների աշխատակիցները ոչ մի լուրջ խախտում չեն հայտնաբերել դեղագործական ապրանքներ արտադրողների մոտ, չնայած որ մի շարք դեպքերում ստուգումներ են արվել ամիսներ շարունակ:  «Տեսուչները  ստուգել են ձեռնարկություններում  հումքի եւ պատրաստի արտադրանքի բոլոր ապրանքագրերը: Ամեն ինչ մաքուր է եղել: Այդ պատճառով էլ հարկայինը շատ լավ գիտի, որ մեր հատվածը ստվերային չէ», - հավելել է Զաքարյանը: