Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 7-ին Թբիլիսիում հանդիպել է Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանի հետ:
Կողմերը հիմնականում քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Իրակլի Ղարիբաշվիլին եւ Գալուստ Սահակյանը պատրաստակամություն են հայտնել խորացնել այդ համագործակցությունը:
Սահակյանը հայտարարել է, որ վերջին շրջանում երկու երկրների առեւտրա-տնտեսական հարաբերություններն ու տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը դրական ուղղությամբ են զարգանում: Կողմերը նաեւ նշել են մշակութային համագործակցության կարեւորությունը:
Վրաստան այցի ընթացքում, որը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին, Գալուստ Սահակյանը հանդիպել է իր վրացի գործընկեր Դավիթ Ուսուպաշվիլիի հետ, իսկ հոկտեմբերի 7-ին նրան ընդունել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Հայկական պատվիրակության այցը Վրաստան կավարտվի հոկտեմբերի 8-ին:



























