ԵԽԽՎ-ի «Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ այլ տարածքներում բռնության սրացումը» թեմայով զեկույցը, որտեղ ԼՂՀ-ն նշվել է որպես գրավյալ տարածք, հայկական պատվիրակության մեղավորության արդյունքն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նա նշեց, որ այստեղ առկա է հայկական կողմի մեղավորությունը, քանի որ պետք է էլ ավելի ակտիվ աշխատել գործընկերների հետ, ոչ թե սպասել հենց նիստի մի քանի օրերի ժամանակ քննարկել: Պատգամավորը նշում է, որ այդ զեկույցը նախապես շրջանառության մեջ է եղել, ի սկզբանե հայտնի է եղել այդ նախաձեռնության մասին, հետեւաբար՝ պետք էր մեր բարեկամների հետ փորձ անել այն կանխելու: «Քաղաքական կոնյուկտուրան ԵԽԽՎ-ում եւ Եվրախորհուրդում գործող այն է, որ Ռուսաստանը համարվում է այդ կառույցի ոչ բարեկամ երկիր: Բոլորը շահագրգռված են Ռուսաստանին պատժելու եւ հակառուսական որոշումներ կայացնելու եւ այստեղ մենք չպետք է ընկալվենք որպես Ռուսաստանի շարունակություն եւ բոլոր գործողություններով աջակցենք Ռուսաստանին: Սա Ռուսաստանի դեմ քայլեր են, որոնք մեզ պատժում են մեր ռուսական կողմնորոշման համար, քանի որ ինքնամոռաց տրվել ենք ռուսական գիծը սպասարկելու մոլուցքին»,-ասաց նախկին արտգործնախարարը:
Պատգամավորը շեշտեց, որ այս կառույցը ամբողջովին բաղկացած է այն երկրներից, որոնք այս պահին կոնսենսուսով կիրառում են սանկցիաներ Ռուսաստանի նկատմամբ, համատեղ հայտարարություններ են ընդունում Ռուասաստանի դեմ, մենք պետք է կարողանանք չեզոքություն պահպանել, ի վերջո սա խորհրդարանական հարթակ է: «Եթե ՄԱԿ-ում մեր դիվանագետները չեն կարողանում ճնշումների ենթարկվել, ապա այստեղ պատվիրակությունը բաղկացած է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որոնք կարող են հանդես գալ տարբեր տեսակետներով, սա մեր բացթողումն է»,-նշեց նա:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական կողմի հայտարարությանը, թե այդ զեկույցի հարցում չի համագործակցելու զեկուցողի հետ, ինչը ըստ Լեւոն Զուրաբյանի կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել եւ նույնիսկ նրան, որ Հայաստանը կարող է դուրս գալ Եվրախորհրդից, պատգամավորը շեշտեց, որ աբսուրդ է, նման բան ընդհանրապես քննարկման թեմա չէ: «ԵԽԽՎ անդամ մենք ենք ցանկացել եւ ձգտել դառնալ, որպեսզի աջակցեն, մեր օրենսդրությունը փոփոխենք, բարեփոխումներ կատարենք եւ կարողանանք հաշվետու լինենք մարդու իրավունքների ոլորտում: Նեղանալ եւ չմասնակցել միջազգային անցուդարձին, դա ինքնասպանության տանող ուղի է: Կարելի է ՄԱԿ-ից էլ, ամեն տեղից էլ դուրս գալ, մտնել Ռուսաստանի կազմի մեջ եւ պրծնել»,-ասաց նա:




























