Վանաձորում հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության քննության գործով դատական նիստը հետաձգվեց: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հաջորդ դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 9-ին:

«Մտել ենք միջնորդությունների փուլ, դատավորը որոշեց հետաձգել նիստը, որովհետեւ գործով քննիչն ու մյուս փաստաբանը ներկա չէին, այդ պատճառով էլ որոշվեց հնարավորություն տալ բոլորին՝ ներկա գտնվել նիստին»,- նիստից հետո NEWS.am-ին ասաց Վլադիմիր Ղուկասյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ ըստ նախնական մեղադրանքի՝ Վլադիմիր Ղուկասյանը թերացել է իր աշխատանքում, որն էլ առաջացրել 15-ամյա տղայի մահը:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին եւ պատճառել մահ: Կարեն Կ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: