Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանը:
NEWS.am-ին Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը հայտնեց, որ հոկտեմբերի 4-ին խորհրդի նիստին 10 անդամները Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում ներկայացրել են Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։
«Մեր առաջարկն է եղել, որովհետեւ նա կառավարման խորհրդի անդամ է, ճշմարիտ մտավորական է, մեծ դերակատարում ունի գիտական աշխարհում: Լինելով բազմազբաղ քաղաքական գործիչ՝ գործուն դերակատարություն է ունեցել համապետական եւ համազգային նշանակություն ունեցող գիտամշակութային ծրագրերին, որոնք հանրահռչակել են հայ մշակույթն աշխարհում»,- ասաց Մատենադարանի տնօրենը:
Նրա խոսքով՝ քվեարկությունը փակ է եղել, Մատենադարանի կառավարման խորհրդի 33 ներկա անդամների քվեարկության արդյունքնում 32 կողմ, մեկ անվավեր ձայներով նախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը։




























