Տավուշի մարզում բնակչության սննդակարգի 70%-ը հացն ու կարտոֆիլն է: Այս ցուցանիշը Ամենաբարձրն է Հայաստանում, ասված է «Հայաստանի պարենային անվտանգության ասպեկտները» ուսումնասիրությունում, որը կատարել է «Մրցունակ հասարակություն» ՀԿ-ն՝ Oxfam-ի, Եվրամիության եւ Business Support Center-ի աջակցությամբ:
Ուշագրավ է, որ թեեւ Հայաստանում այդ ցուցանիշը 2003-2012թթ. նվազել է, բայց ընդհանուր առմամբ գյուղը «առաջ է անցնում» քաղաքից: Եթե 2004թ. քաղաքներում այն 30% էր, ապա գյուղում մոտենում էր 40%-ի: 2012թ. քաղաքում եւ գյուղում ցուցանիշը զգալի նվազել է, բայց շարունակում է մտահոգիչ մնալ՝ 15 եւ 20%: Միատեսակ սննդակարգից են օգտվում հիմնականում բազմազավակ (մինչեւ 14 տարեկան 3 եւ ավելի երեխա ունեցող) եւ մեծ ընտանիքները (6 եւ ավելի անդամ):
Այս տարիներին ամենաբարձր ցուցանիշը մշտապես դիտվել է Տավուշում: Այս մարզը միակն է, որտեղ 2003-12թթ. ցուցանիշն աճել է: Տավուշի մարզը Հայաստանում մրգերի եւ հատապտուղների աճեցման հիմնական մարզերից է: Բայց հենց այս մարզում մեծ մակերեսներով հողատարածքներ Արցախյան պատերազմից հետո հակառակորդի նշանակետում են:




























