Սյունիքի  մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Արտակ Բուդաղյանի գործով հերթական դատական նիստն անցավ լարված մթնոլորտում։

Գործով տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ փորձելով պարզել՝ արդյոք նախորդ դատական նիստի ժամանակ դատարանի դահլիճը լքած մեղադրյալի  պաշտպան Հայկ Ալումյանը մասնակցում է այս նիստին, թե ոչ։ Հղում անելով օրենքի հոդվածների՝ Ռուբեն Սահակյանը նշեց, որ մինչեւ ընդմիջումը պաշտպանն իրավունք չուներ լքել նիստերի դահլիճն առանց դատավորի թույլտվության։

Ռուբեն Սահակյանի հայտարարությունը Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը որպես «հումոր» որակեց։

«Դա ինձ համար հումոր էր, չեմ ցանկանում, որպեսզի  դատավարությունը դառնա անձնավորված բանավեճ: Նախորդ նիստին  դատարանը լքելու իմ քայլը խոսքի արտահայտման ազատության դրսևորում էր՝  գործողությունների միջոցով»,-ասաց պաշտպանը:

 Դատական նիստը հետաձգվեց՝ փորձագետի չներկայանալու պատճառով։

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: