Նախագահ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության 20-ամյակի առթիվ այսօր այցելել է հեռուստաընկերություն, շնորհավորել «Շանթի» աշխատակիցներին, սեփականատերերին եւ բազմահազար հեռուստադիտողներին՝ հեռուստաընկերության հոբելյանի առթիվ:

«Այս տարիների ընթացքում ընկերությունը կայացել է որպես ոլորտի առաջատարներից մեկը, եւ կարծում եմ, որ այսպիսի գնահատականն արժանի գնահատական է: Ինձ դուր է գալիս ձեր աշխատանքը, ինձ դուր է գալիս հատկապես աշխատանքը երիտասարդների շրջանում, ձեր պրպտուն, համբերատար աշխատանքը, տաղանդներ հայտնաբերելու եւ առաջ մղելու գործելաոճը: Անձամբ ինձ շատ է դուր գալիս «Ժողովրդական երգիչ» նախագիծը, թեեւ անկեղծորեն պետք է ասեմ, որ միշտ չէ, որ հնարավորություն եմ ունենում դիտել այդ հաղորդումը, բայց երբ դիտում եմ՝ դիտում եմ հաճույքով: Դա շատ շնորհակալ աշխատանք է՝ հնարավորություն տալ մարդկանց ինքնադրսեւորվելու: Հոգ չէ, որ կարող են ստուդիա գալ տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդիկ, ովքեր, մեղմ ասած, տաղանդավոր չեն, բայց եթե 20-30 հոգուց մեկը լինի տաղանդավոր, ուրեմն՝ դուք շատ շնորհակալ աշխատանք եք կատարում եւ՛ տվյալ մարդու, եւ՛ մեր հանրության համար»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը եւ մաղթել հեռուստաընկերությանը բազմաթիվ հոբելյաններ:

«Շանթ» հեռուստաընկերության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության ստեղծման եւ կայացման, հեռուստատեսության բնագավառի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, հեռուստալրագրության զարգացման գործում ներդրած ավանդի եւ բազմամյա նվիրումի, ինչպես նաեւ բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար հեռուստաընկերության մի շարք աշխատակիցներ ՀՀ Նախագահի հրամանագրերով արժանացել են ՀՀ պետական պարգեւների: նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգեւատրվածներին եւ հանձնել մեդալներն ուշնորհակալագրերը:

Հանրապետության նախագահը «Շանթ» հեռուստաընկերությունում հետեւել է նաեւ Գյումրիում «Թումո» կենտրոն բացելու կապակցությամբ հեռուստաընկերության նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական մարաթոնին:

Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ Սերժ Սարգսյանը ողջունել է, որ ծննդյան տարեդարձը հեռուստաընկերությունը նշանավորում է այդպիսի կարեւոր նախաձեռնությամբ, որը, նախագահի համոզմամբ, դեռ երկար տարիներ հիշվելու է: «Այս նախաձեռնությունը հիանալի է հենց միայն նրանով, որ ուղղված է երեխաներին: Այն հիանալի է նաեւ նրանով, որ պետք է իրականացվի Գյումրիում: Գյումրիին դեռեւս տալու շատ բան ունենք, եւ ես վստահ եմ, որ այս ծրագիրը հաջող ընթացք է ունենալու: Ես վստահ եմ, որովհետեւ անձամբ ճանաչում եմ հեղինակներին՝ Սեմ Սիմոնյանին եւ Արթուր Եզեկյանին, ովքեր իմ ճանաչած ամենահետեւողական մարդկանցից են եւ ոչ միայն ամենահետեւողական, այլ նաեւ արդյունավետ մարդկանցից են: Վստահ եմ, որ այս համագործակցությունը բերելու է շատ լավ արդյունքներ: Կարծում եմ, բոլորի համար հասկանալի է, որ ես նախօրոք գիտեի այս միջոցառման մասին, եւ ինչպես նորմալ հայ, ես էլ եմ պատրաստվել միջոցառմանն ու ուզում եմ, որպեսզի իմ մասնակցությունն էլ լինի այս ծրագրի իրականացմանը: Ես արդեն խոսել եմ մեր պատասխանատուների հետ, եւ մենք որոշում ենք կայացրել «Թումո» կենտրոնին Գյումրիում հատկացնել նորակառույց մեր տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մի հարկաբաժին: Բայց շատ լավ հասկանում ենք, որ այդ ծրագիրն ընդլայնվելու է, եւ «Թումոն», որ արդեն իր սեփական ձեռագիրն ունի, Գյումրիում պետք է ունենա նաեւ սեփական մասնաշենքը: Կարծում եմ, որ որոշակի ժամանակ հետո մենք նաեւ հնարավորություն կգտնենք Գյումրիի «Թումո» կենտրոնին տրամադրելու մասնաշենք, այնուհետեւ կվերանորոգենք, եւ մասնաշենքը կգործի շատ արդյունավետ, կապրի բեղուն կյանքով: Սա մեր նպատակներից մեկի իրականացումն է: Մենք, եթե չեմ սխալվում, մեկ տարի, թե տարիուկես առաջ, երբ խոսում էինք պարոն Սիմոնյանի հետ, խոսում էինք, թե ինչ հնարավորություն կարելի է գտնել, որպեսզի գոնե Հանրապետության բոլոր մարզերում ունենանք մեկական «Թումո» կենտրոն, որովհետեւ մենք տաղանդավոր երեխաներ ունենք նաեւ մեր մարզերում, եւ նրանց քանակը շատ մեծ է: Ես կարծում եմ, որ երբ այսօր այս բեմահարթակից պարոն Սեմ Սիմոնյանը հայտարարեց արդեն չորս «Թումոների» առկայության մասին՝ տարիուկես ժամանակահատվածում դա բավարար է, եւ ես հույս ունեմ, որ մոտակա երկու-երեք տարիների ընթացքում խոսելու ենք արդեն տասից ավելիի մասին»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը միջոցառումից հետո շրջել է հեռուստաընկերության նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին, հեռուստաընկերության հնարավորություններին ու զարգացման ծրագրերին, այդ թվում՝ «Շանթ»-ի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին: