Վրաստանի խորհրդարանը խստացրել է անօրինական աբորտների համար պատիժը. իրավախախտներին սպառնում է 120-ից մինչեւ 300 ժամ հանրօգուտ աշխատանք կամ մինչեւ 2 տարի ժամկետով ազատազրկում:

Վրաստանի Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հոկտեմբերի 21-ին: Գործող օրենսդրության համաձայն՝ անօրինական աբորտի համար որպես պատիժ նախատեսվում է 100-ից մինչեւ 240 ժամ հանրօգուտ աշխատանք:

Ինչ վերաբերում է հանցագործության կրկնությանը, ինչպես նաեւ մանկածնության կորստի պատճառ դարձած աբորտին, ըստ փոփոխությունների, իրավախախտը մինչեւ 5 տարի ժամկետով կազատազրկվի: Ներկայում այդ դեպքում պատիժը մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկումն է:

Ըստ «Նովոստի Գրուզիա»-ի, ապօրինի աբորտի հետեւանքով մարդու մահվան դեպքում պատիժ է սահմանվում 6 տարի ժամկետով ազատազրկումը՝ գործող օրենքով նախատեսված 5-ի փոխարեն:

Վրաստանի խորհրդարանը փոփոխություններն ընդունել է երկրում հղիության արհեստական ընդհատման թվի աճի պատճառով: Վրաստանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Դմիտրի Խունդաձեի տվյալներով, երկրում յուրաքանչյուր երրորդ կինն արհեստականորեն ընդհատում է հղիությունը: