ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է «Ա1+»-ի լրագրողի եւ ԱԺ անվտանգության պետի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՔԾ որոշումը:
Դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազը, ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման եւ «Հետք.am» լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերը եւ ստուգելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի սեպտեմբերի 22-ի որոշման օրինականությունը, որոշում է կայացրել վերացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման եւ «Հետք.am» լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը եւ վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ /Հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչնդոտելը
1.Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով/:
2. Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ԱԺ գլխավոր մուտքի դարպասներին մի քանի րոպեով հայտնված «Բարեւ Ռոբ» գրությամբ պաստառը պոկելուց հետո ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հրել էր«Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանին, ով այդ պահին նկարահանում էր կատարում, եւ ցած էր գցել լրագրողի նկարահանող սարքը։




























