Արարատի մարզի Դաշտավանի գյուղացիները այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ի սահմաններում փակել էին Մասիս-Էջմիածին-Դաշտավան բանուկ ճանապարհը: Նրանք բողոքում էին գյուղի ոռոգելի արտեզյան հորի փակելու բնապահպանության նախարարության որոշման դեմ:
Բողոքող գյուղացիներին է մոտեցել բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, որը գյուղացիները բողոքները լսելով 10 օրով հետաձգել է արտեզյան հորի փակումը:
«Խոսք են տվել արտեզյանը պահել, եթե չեղավ, ոնց որ էսօր ճանապարհը փակեցինք, հայան-բույան, էդ նույն քայլերն անելու ենք, գնալու ենք մինչեւ վերջ, բա հո՞ 150 ընտանիք սոված չի մնալու: Գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ հանենք, ռադ անենք դրանց, պրծնենք դրանցից: Եթե էդքան լավ տղա են, թող գնան էն արտեզյանները փակեն, որ գնում ա Թուրքիա՝ իրանց ախպերներին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց դաշտավանցի Վասիլ Խանաղյանը:
Դաշտավանի գյուղապետ Սերյոժա Խաչատրյանն էլ ասաց, որ ոռոգելի արտեզյան հորը ըստ բնապահպանների առանց համապատասխան թույլտվության է գործում եւ այդ պատճառով պետք է փակվի:
«Իրենք իրենց որոշումից հետ չեն կանգնում, ասում են՝ պետք է փակվի, քանի որ անհարժեշտ փաստաթղթեր չկան: Իրենք վերեւից որոշեցին 1 շաբաթ կամ 10 օրով հետաձգել արտեզյան հորի փակումը, տեխնիկան հավաքեցին, գնացին, չգիտեմ էլ ինչ ա լինելու հետագայում»,- ասաց գյուղապետը:
Գյուղացիների խոսքով՝ իրենք վճարում են ջրային տնտեսությանը արտեզյան հորից ստացվող ոռոգելի ջրի դիմաց, այն դեպքում, երբ, բնապահպանության նախարարությունը անօրինական է համարում այդ արտեզյանի գոյությունը:
«Եթե անօրինական է, ինչի՞ ես եկել հաշվիչ դրել, ինչի՞ ես եկել էս մարդուց անօրինական ջրի վարձ գանձել 7-8 տարի»,- վրդովված ասացին գյուղացիները:
Դաշտավանցիների խոսքով՝ իրենց պայքարի միակ միջոց ճանապարհ փակելն է: Նրանց կարծիքով հնարավոր է անմիջապես լուծել ոռոգելի արտեզյանի խնդիրը՝ այն պարզապես գրանցելով գյուղապետարանի վրա:
«Ընդամենը 2 մարդ պետք ա նստեն, 2 թուղթ ստորագրեն, էս 2 մարդու էրեսից 40-60 հեկտար հող ուզում են թողնեն անջրդի: Ասում ա՝ պետք է փակենք, թող ձեր ՋՕ-ն մտածի՝ ոնց ա ջրում, նա էլ ասում ա՝ դուք էդ փակեք, մենք հետո ջուր կմատակարարենք»,- ասաց դաշտավանցի Վասակ Քոսակյանը:
Նշենք, որ արտեզյանի հորատումն իրականացրել է ՋՕ-ն, ինչի դիմաց վճարվել է գյուղապետի կողմից, սակայն բնապահպանության նախարարությունը պնդում է, որ արտեզյանի հորատման թույլտվությունը բացակայում է: Գյուղապետի խոսքով՝ արտեզյան հորը փակվելու դեպքում գյուղացիները չեն կարող ոռոգել իրենց հողերը, քանի որ, ՋՕ-ն չի կարող Դաշտավանին ոռոգման ջուր տրամադրել:
Նշենք, որ Դաշտավանի գյուղապետը պատրաստվում է նամակ ուղղել ՀՀ նախագահին եւ վարչապետին՝ հայտնելով իր համայնքի բնակիչների բողոքը:




























