Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի  արձակուրդի վերաբերյալ ես տեղեկություններ եմ ունեցել դեռեւս մեկ ամիս առաջ, երբ նույնիսկ նշանակված չէր  հանրահավաքի օրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Հետեւաբար այն ինչ փնտրում է մամուլը այդ թեմայի տակ, վստահ եմ՝ տեղին չէ: Ինչ վերաբերում է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներին, ուժգնությանը, վստահեցնում եմ բոլորիին, որ որեւէ խնդիր այդտեղ չի առաջանա, մեզ համար կարեւոր է, որպեսզի շիրակցին, գյումրեցին զանգվածայանորեն մասնակցի, կարծում եմ՝ այդպես էլ կլինի»,-ասաց մամուլի քարտուղարը:

Մեր հարցին ի պատասխան, թե ինչ է սպասվում այն ԲՀԿ-ականներին, ովքեր չեն մասնակցի հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, մամուլի խոսնակը նշեց, թե ով է ասել, որ չեն լինի: «Հարցադրումը տեղին չէ, մտացածին է, կամ տպավորությունների հիման վրա առաջացած հարցադրում է, ավելի լավ է սպասել ամսի 10-ին եւ տեսնել, թե ինչ տեղի կունենա, իսկ տեղի կունենա շատ բան շատ մարդկանց մասնակցությամբ, այդ թվում՝ անսպասելի»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, թե Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ եւ աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն: Ըստ չճշտված տեղեկությունների, Բալասանյանն Արաբական Միացյալ էմիրություններում է:

«Այն, որ Գյումրիի քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, որ երկրում է գտնվում քաղաքապետը: Ամեն դեպքում, Բալասանյանի բջջային ինքնապատասխանիչը երեկ արաբերեն էր հնչում։

 Սույն արձակուրդն ուշագրավ է նրանով, որ այսօր Գյումրիում սպասվում է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, ու հարց էր առաջացել, արդյոք Բալասանյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին:

ԲՀԿ-ական քաղաքապետը, սակայն, ինչպես երեւում է որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել:

Սամվել Բալասանյանը փաստորեն, ոչ միայն Գյումրիի հանրահավաքի օրը Գյումրիում չի լինի, այլ նաեւ հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքի օրը Հայաստանում չի լինի եւ կվերադառնա միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ հստակ կլինի»,-գրել էր թերթը։