ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի որոշման արձանագրությունն այսօր՝ հոկտեմբերի 8-ին կհրապարակվի, որում կներկայացվի ինչպես հարցազրույցի փուլն անցած մասնակիցների միավորները, այնպես էլ այս օրերին բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի դիրքորոշումը:
Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից տեղեկանում ենք, որ հարցազրույցի փուլը երեկ է ավարտվել: Երկու օր դատավորի թեկնածուները ներկայացրին մարդու իրավունքների բնագավառում ունեցած իրենց աշխատանքային փորձն ու հմտությունները, պատասխանեցին հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք նպատակ ունեին բացահայտելու մասնակիցների մասնագիտական ունակությունները, ինչպես նաեւ ցույց տվեցին իրենց լեզվական հմտությունները անգլերեն եւ/կամ ֆրանսերեն լեզուներից (բանավոր եւ գրավոր):
Թեկնածուները, պատասխանելով հանձնաժողովականների հարցերին, ներկայացրին իրենց դիրքորոշումը Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու վերաբերյալ, դատարանի նկատմամբ անվստահությունը մեղմելուն ուղղված քայլերը՝ այդ համատեքստում կարեւորելով մարդու իրավունքների պաշտպանությունը, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրառումը:
Մրցութային հանձնաժողովի անդամ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարցն ուղղված էր բոլոր թեկնածուներին. բացահայտել արդարություն, իրավահավասարություն, ժողովրդավարություն եզրույթների նորմատիվային բնույթը: Հիմնվելով տեսական գիտելիքի ու աշխատանքային փորձի վրա՝ հարցի առնչությամբ թեկնածուները ներկայացրին իրենց մոտեցումները:
Հարցազրույցի փուլին մասնակցեց 11 թեկնածու.
Արմեն Հարությունյան (Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր),
Արայիկ Ղազարյան («Իրավունքի գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից),
Նելիկ Հարությունյան (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ),
Վիգեն Քոչարյան (ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս),
Լիզա Գրիգորյան (Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր),
Վահե Գրիգորյան (փաստաբան),Դավիթ Խաչատուրյան (Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, դասախոս),
Արայիկ Մելքումյան (Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր),
Դավիթ Հակոբյան (Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության իրավախորհրդատու),
Եղիշե Կիրակոսյան (ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական),
Նորա Կարապետյան (Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր):
Այսօր հայտնի կդառնան այն 3 թեկնածուների անունները, որոնք կներկայացվեն ՀՀ նախագահին:




























