Air France-ի օդաչուների երկշաբաթյա գործադուլը ընկերության համար կես մլրդ եվրո է արժեցել: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով ավիաընկերության ֆինանսական տնօրեն Պիեռ Ֆրանսուա Ռիոլաչիին:
Այս գումարի մեջ ներառված են ինչպես փոխադրողի կորուստները գործադուլի ընթացքում, այնպես էլ ուշացումները, որոնք հանգեցնում էին ուղեւորների դժգոհություններին. Նրանց համար կացարան էին ապահովում, փոխհատուցում վճարում եւ նոր տոմսեր գնում: Միաժամանակ, ընկերությունը որոշակի գումար է խնայել՝ մասնավորապես վառելիքի հաշվին, քանի որ օդանավերը չէին թռչում:
Հիշեցնենք, Air France-ի գործադուլը սկսվել էր սեպտեմբերի 15-ին եւ 14 օր շարունակվել՝ 1998թ.-ից հետո Ֆրանսիայում նմանատիպ ակցիաների տեւողության ռեկորդ սահմանելով: Գործադուլին մասնակցում էր թռիչքային կազմի 60% -ը:




























