Երեւանում այսօր մեկնարկել է «Կառավարության եւ կառավարման կարողությունների զարգացում հանուն կայուն զարգացման» միջազգային եռօրյա խորհրդաժողովը: Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի «Հետ-2015» զարգացման նոր օրակարգի շրջանակում ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական զարգացման դեպարտամենտի կողմից: Նպատակն է՝ քննարկել ՄԱԿ-ի զարգացման նոր ծրագրի իրականացման եղանակները եւ բացահայտել արդյունավետ կառավարման նոր ուղիներ:
Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: ՀՀ վարչապետի եւ անձամբ իր անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ պարոն Հարությունյանը նշել է. «Հայաստանը մշտապես ակտիվորեն մասնակցել է ՄԱԿ-ի հայեցակարգային բոլոր նախաձեռնությունների իրականացմանը: Մենք առաջիններից էինք, որ սկսեցինք կյանքի կոչել 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում անդամ-երկրների կողմից ընդունված կայուն զարգացման հանձնառությունները: 2000 թվականին՝ ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ընդունումից հետո եւս, Հայաստանն անմիջապես ձեռնամուխ եղավ դրանց իրականացմանը: Մենք կարեւորում ենք «Հետ-2015» ՄԱԿ-ի զարգացման նոր օրակարգի շուրջ տարվող աշխատանքները եւ հույս ունենք, որ այն կհանգեցնի ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում հասարակության համար ավելի բարեկեցիկ, արդար, արժանապատիվ եւ ապահով կենսագործունեության միջավայրի ստեղծմանը»:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ընդգծել է, որ կառավարման կարողությունները, հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը ցանկացած ծրագրի իրականացման կարեւոր բաղադրիչն են, եւ հենց այդ մոտեցումն է դրված նաեւ ՀՀ կառավարության՝ ս.թ. մայիսին ընդունված Հայաստանի 2014-2025 թթ. զարգացման ծրագրի հիմքում: Դավիթ Հարությունյանն արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ երեւանյան հռչակագիրը կդառնա 2015 թ. ընդունվելիք ՄԱԿ-ի ծրագրային նոր փաստաթղթի կարեւոր մասը:
Լրագրողների հետ ճեպազրույցում պարոն Հարությունյանը կարեւորել է նման քննարկումների կազմակերպումը՝ նշելով. «Մենք մեկ տարի շարունակ քննարկելու ենք՝ 2015 թ. բուն միջոցառմանը նախապատրաստվելու համար, որի ընթացքում արդեն կնախանշվեն աշխարհի զարգացման տեսանկյունից առավել նպատակահարմար համարվող գաղափարները եւ թիրախները»:
Ողջույնի խոսքով են հանդես եկել նաեւ ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչության ղեկավար Ջոն-Մարի Կաուզյան, ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, Աղքատության դեմ պայքարի եւ միջազգային զարգացման ինստիտուտի տնօրեն Պան Սուկ Կիմը, Աստանայի տարածաշրջանային քաղաքացիական ծառայության վերահսկիչ կոմիտեի նախագահ Ալիխան Բայմենովը, Ղազախստանի նախագահի հովանու ներքո գործող հանրային կառավարման ակադեմիայի ռեկտորի տեղակալ Շոլփան Եսիմովան:
Հոկտեմբերի 8-10-ն անցկացվող միջազգային այս խորհրդաժողովին մասնակցում է մոտ երեք տասնյակ երկրի ավելի քան 60 ներկայացուցիչ: Միջոցառման լիագումար նիստերի շրջանակում տեղի կունենան քննարկումներ հանրային կառավարման, կրթության եւ գիտության ոլորտների, բնական ռեսուրսների, կանաչ տնտեսության, կայուն էներգետիկ եւ ջրային քաղաքականության զարգացման, ինչպես նաեւ կայուն զարգացման այլ ուղղությունների վերաբերյալ:



























