Եվրոպական սպառողները հիացած կլինեն հայկական թառափով: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը: Նա նշեց, որ Եվրամիության երկրների մեծ մասը թառափ գրեթե չի օգտագործում: Միաժամանակ, Հայաստանում ընդլայնվում է դրանց ավազանային բուծումը:

Աթոյանի կարծիքով, հայ ձկնարտադրողները կարող են իրենց թառափն առաջարկել այնպիսի անսպասելի շուկաների, ինչպիսիք են «թառափային գերտերություն» Ռուսաստանը եւ թառափին քիչ ծանոթ Եվրոպան:

Նա վստահեցրեց, որ հայ որոշ ձկնաբույծներ լրջորեն պատրաստվում են մուտք գործել եվրոպական շուկա: «Մենք ձկնաբուծական լուրջ տնտեսություններ ունենք, որտեղ արդեն երկու տարի մասնագետները եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք են պատրաստում»,- հայտարարեց Աթոյանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին. այդ երկրի շուկան այնքան մեծ է, որ նույնիսկ սեփական մեծածավալ արտադրությունը նրանց չի բավականացնում:

Նշենք, որ Հայաստանը ներկայում Եվրամիության երկրներ ձուկ չի արտահանում: 1-2 ընկերություններ միայն կենդանի ձուկ են արտահանում: