Հայաստանում ձկան սպառումը սարսափելի մակարդակի է: Հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Հայաստանի Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը: Աշխարհում տարեկան մեկ անձը միջինը 25 կգ ձուկ է օգտագործում, իսկ Հայաստանում 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է շուրջ մեկ կիլոգրամ:

«Լավ է, որ գոնե այս տարի այդ ցուցանիշը սկսել է աճել: Մեր գնահատականներով, տարեվերջին այն կհասնի մինչեւ 4 կգ-ի»,- հավելեց Աթոյանը:

Նրա կարծիքով՝ պետք չէ ձկնաբույծներին մեղադրել մանրածախ բարձր գին սահմանելու համար. նրանք նույնպես շահագրգռված են, որպեսզի իրենց արտադրանքը սպառնի ոչ միայն արտերկրում, այլեւ երկրի ներսում: «Արտասահմանյան շուկայում ամեն ինչ կարող է պատահել, իսկ հայկականը կա ու կա»,- հավելեց Աթոյանը: