Հայաստանում առաջին անգամ կազմակերպվում է աննախադեպ թափանցիկ մրցույթը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի պաշտոնի համար: Այդ մասին լրագրողներին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով՝ հասարակական սեկտորի ներկայացուցիչներին ու լրագրողներին տրամադրվում է անսահմանափակ հնարավորություն մրցույթին հետեւելու համար. «Նրանք հնարավորություն ունեն նկարահանել գործընթացը: Մենք բաց հասարակություն ունենք, ազատ մամուլ, որոնք հետեւում են քննական գործընթացին»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի պաշտոնի համար մրցույթի առաջին փուլը(հարցազրույց)  մեկնարկել է հոկտեմբերի 6-ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 8-ը:

Քննական հանձնաժողովի նախագահն է Սահմանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանը, հանձնաժողովի կազմում են արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի պաշտոնի համար մրցույթի հայտ ներկայացրել է 13 անձ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am