Եթե Հայաստանի քաղաքական որոշակի ուժերի մոտ համընկնող տեսակետներ լինեն, որոնց շուրջ հնարավոր կլինի համախմբվել, իհարկե, կարելի է կոալիցիոն կառավարման դիմել: Այս մասին հոկտեմբերի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կոալիցիայի հնարավորությանը:
Ի պատասխան հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, թե փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին պաշտոնում կփոխարինի ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը, Հովհաննես Սահակյանը նշել է. «Ես նման տեղեկատվություն չունեմ: Արմեն Գեւորգյանը, եթե չեմ սխալվում, շարունակում է պաշտոնավարել, եւ այս հանգամանքներում կոռեկտ չէ այլ անուններ տալը»:
Նա նաեւ հավելել է, որ կոալիցիայի հարց կարելի է քննարկել ցանկացած քաղաքական ուժի հետ:
«Այս սկզբունքով առաջնորդվելով՝ մենք կոալիցիա ձեւավորեցինք ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, այնպես որ՝ սա բնական գործընթաց է», - ընդգծել է Հովհաննես Սահակյանը:




























