Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա իսլամիստների լայնածավալ հարձակումները մեծ արձագանք են գտել միջազգային բոլոր լրատվամիջոցներում։
Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի Քոբանի քաղաքի դեմ իսլամիստներն արդեն 3 շաբաթ է, ինչ լայնածավալ հարձակում են իրականացնում եւ շրջափակման մեջ են առել քաղաքը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ակտիվ դիմադրություն են ցույց տալիս Սիրիայի քրդերի կողմից ստեղծված «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության (PYD) ռազմական թեւի՝ YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) զինյալները։
Իսլամիստների համար Քոբանին կարեւոր է, քանի որ իրենք վերահսկում են Թել Աբյադը (Թուրքիայի Ուրֆա նահանգի Աքչաքալեի սահմանակետի դիմաց), Քարաբլուսը (Թուրքիայի Այնթափ նահանգի Քարքամըշ անցակետի դիմաց) եւ Ռաքքան, իսկ Քոբանին ընկնում է այս եռանկյունու միջեւ։ Եթե ԻՊ-ն Քոբանին էլ վերցնի, ապա կարողանալու է ուղիղ հաղորդակցություն ապահովել այս բոլոր բնակավայրերի միջեւ։
Սիրիայի քրդերի համար Քոբանին կարեւոր է, քանի որ դեռեւս այս տարվա հունվարին քրդերը հայտարարեցին 3 ինքնավար շրջանի (կանտոն) ստեղծման մասին, որոնցից մեկը հենց Քոբանին է։ Սակայն Քոբանիի եւ մյուս քրդական շրջանների միջեւ կան արաբաբնակ շրջաններ, որոնք անցել են իսլամիստների վերահսկողության տակ։ Եթե Քոբանին անցնի իսլամիստներին, քրդական մյուս երկու կանտոնները կթուլանան եւ ԻՊ-ը կմեծացնի իր վերահսկողության շրջանակը։
Նշենք, որ իսլամիստների կողմից Քոբանիի դեմ 3 շաբաթյա հարձակման հետեւանքով շրջանը լքել է մոտ 200 հազար բնակիչ, արյունալի մարտերում սպանվել՝ 400 հոգի։
Արթուր Հակոբյան




























