Եթե Դոնբասում հրադադարն ընդհատվի, Ռուսաստանին տնտեսական խստացված պատժամիջոցներ կսպասվեն, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին, որը միաժամանակ նշել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացումը դժվարանում է սեփական տնտեսության համար առկա  ռիսկերի պատճառով:

«Կարծում եմ՝ մենք հաջողությունների ենք հասել պատժամիջոցների հարցում: Ռուսական տնտեսությունը պատժամիջոցներից առաջ էլ լավ վիճակում չէր, այժմ դրա վիճակը զգալի է վատացել», - հայտարարել է  Լյուն:  «Հուսով եմ, որ ներկայիս հրադադարը, որը վերջերս բավական փխրունացել է, հետքայլի հնարավորություն կտա, հակառակ պարագայում պատժամիջոցները ոչ թե կթուլանան, այլ կխստացվեն», - ասել է նա:

Լյուն վստահ է, որ եթե ռուսական ռեժիմը նույն ոգով շարունակի, երկրի տնտեսությանը ցավալի հետեւանքներ են  սպասվում: ԱՄՆ-ի գլխավոր ֆինանսիստի խոսքով՝ ՌԴ-ի դեմ նախորդ պատժամիջոցները լավ մշակված էին. Կրեմլի նկատմամբ առավելագույն ճնշում էին ենթադրում՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի տնտեսությունների համար նվազագույն ռիսկով:

Լյուն նաեւ չի բացառում, որ ապագա հնարավոր պատժամիջոցները կանդրադառնան նաեւ ամերիկյան տնտեսության վրա: