Աշխարհում գոյություն չունի որեւէ պետություն, որի օրենսդրությունում սեւը սպիտակով գրված լինի, որ երկրի նախագահը երկու ժամկետով պաշտոնավարելուց հետո չի կարող որեւէ այլ պաշտոն զբաղեցնել: Այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումները, բնականաբար, չեն կարող ինքնանպատակ լինել: «Նույնիսկ գոյություն ունեն որոշ տեխնիկական խնդիրներ, որոնց հետ կապված կարելի է փոփոխություն կատարել: Բայց չեմ կարծում, որ սահմանադրական փոփոխություններին ամբողջության դեմ հանդես գալը ճիշտ է»,- նշեց Հովհաննես Սահակյանը:
Անդրադառնալով կարծիքին, թե իշխանություններն ամեն ինչ անում են՝ սեփական վերարտադրության համար, պատգամավորն ասաց. «Երկրի նախագահը շատ անկեղծ հայտարարեց, որ Սահմանադրությունը չի փոխվում նրա համար, որպեսզի ինքը երրորդ ժամկետով նախագահ դառնա: Նա նաեւ հայտարարեց, որ կառավարման խորհրդարանական կարգի անցնելուց հետո ինքը վարչապետ չի լինելու, որի պաշտոնը, ի դեպ, առանցքային է կառավարման խորհրդարանական կարգի դեպքում: Բայց կան քաղաքական ուժեր, ովքեր մանկության երազանք են ունեցել, որը փորձում են իրականացնել»:




























