Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Էջմիածին՝ մասնակցել քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2699-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին: Մինչ այդ, Հանրապետության նախագահը նախ այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցի, մոմ վառել, ապա տոնակատարությանը մասնակցող էջմիածինցիների ու քաղաքի հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան մշակույթի պալատ, մասնակցել Էջմիածնի տոնին նվիրված հանդիսավոր նիստին: Սերժ Սարգսյանը մշակույթի հիմնանորոգվող պալատի երկրորդ հարկում դիտել է քաղաքի տոնի կապակցությամբ բացված ցուցահանդեսը, այնուհետ Կոմիտասի անվան հրապարակում շրջել է տոնական տաղավարներով: Միջոցառումից հետո Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին: Նախագահը դիտել է նաեւ տոնի առթիվ անցկացված շքերթը:

Էջմիածնից նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ներկա է գտնվել «Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյաններ դպրոց եւ համայնքային կենտրոնի» ու «Գրիգոր եւ Պիաթրիս Պիլեզիքեան» նախակրթարանի մասնաշենքի բացման արարողություններին:

Կրթահամալիրում շրջայցի ժամանակ Հանրապետության նախագահին ներկայացրել են շինարարության եւ շահագործման փուլերում էներգախնայող եւ բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված աշխատանքները եւ ուսումնառության համար ստեղծված պայմանները:

Կրթահամալիրի բացման առիթով, Հանրապետության նախագահը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Էդվարդ Ավետիսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով ամերիկահայ բարերարը պարգեւատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: