Նախորդ տարվա նոյեմբերին Կանազի կայազորային կլինիկական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո (հոսպիտալի) հրամանատար, փոխգնդապետ Սահակ Օհանյանի հագուստը պատառոտված չի եղել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց  հիվանդանոցի նախկին սանիտար Աշոտ Մաթեւոսյանը։

«Դեպքի օրը ես աշխատում էի, երեկոյան ժամը 21։30-ի սահմաններում մուտքի դռան զանգը տվեցին, բացեցի՝ պետն էր, ատամնաբույժը, Հովհաննիսյանը, թլիկ խոսացող մի բժիշկ էլ կար, որի ազգանունը չեմ հիշում, քաղաքացիական հագուստով ներս մտան, իսկ երկու բժիշկը սպիտակ խալաթով էին։ Նրանք բարձրացան երկրորդ հարկ, հետո բարձր ձայներ լսվեցին,  գոռոց բան էր գալիս, երեւի հայոյում էին, հետո երեխեքը Դավիթի ոտքերից բռնած իջացրեցին եւ գոռում էին, որ մահացավ։ Ես արագ օգնեցի, տարանք պալատ, բժիշկին կանչեցի, նայեց, ասաց, որ կյանքի համար վտանգ չկա»,- դատարանում պատմեց Աշոտ Մաթեւոսյանը՝ ավելացնելով, որ հրամանատարը սպորտային համազգեստով էր, իսկ այդ միջադեպից հետո հագուստը պատառոտված չի եղել։

Դատախազ Արամ Ամիրյանը վկային հարցրեց, արդյոք` ինքը տեսել է, որ տղաների մոտ եղել է ալկոհոլ, ինչին Աշոտ Մաթեւոսյանը պատասխանեց,որ եթե անգամ եղել ինքը չի տեսել։

Աշոտ Մաթեւոսյանը դատարանում պատմեց, որ ինքը չի հիշում, թե միջադեպից հետո ինչ վիճակում է եղել Ռազմիկ Մանուկյանի եւ Արշակ Թորոսյանի հիվանդասենյակը։

«Երբ երեխեքը ասեցին, որ Ռազմիկին ծեծում են, իրենք հավաքվել էին պատուհանի մոտ: Ես չտեսա ու չիմացա, թե ով էր ծեծում, հետո երեխեքը սկսեցին պատուհանները ջարդել, մահճակալնելները տեղաշարժել, իսկ Արշակի եւ Ռազմիկի սենյակը չեմ հիշում`ինչ վիճակում էր: Երեւի էլի ապակիներն էր կոտրված, պահարան չեմ հիշում` կար, թե չկար»,- ասաց սանիտարը։

Այս դատական նիստին պետք է ցուցմունք տար նաեւ վկա Արամ Ենգիբարյանը, որը նախաքննության ժամանակ Ռազմիկ Մանուկյանի դեմ ցուցմունք էր տվել։ Դատախազը նշեց, որ Արամ Ենգիբարյանը ժամկետային զինծառայության մեջ, այդ պատճառով չի կարողացել ներկա գտնվել նիստին:

Դատարանը որոշեց ծանուցագիր ուղարկել վկային եւ հաջորդ դատական նիստին կանչել դատարան:

Հիշեցնենք, որ Արշակ Թորոսյանին, Ռազմիկ Մանուկյանին, Դավիթ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ստացիոնար բուժման մեջ գտնվելով զորամասի հոգեբուժական բաժանմունքում բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում, 2013թ. նոյեմբերի 2-ին բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զորամասի (հոսպիտալի) հրամանատար, փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն են գործադրել Սահակ Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել նրա շապիկը, ապա կողապահարանները նետել են բժիշկների ուղղությամբ ու փախուստի դիմել։ Մեկ օր անց կայազորի կլինիկական զինվորական հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ հայտնաբերվել ու վերադարձվել էին հոսպիտալ։ Զինծառայողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:  Նշենք, որ ամբաստանյալները, որոնք հոգեկան խնդիրների պատճառով բուժում էին անցնում հոգեբուժական բաժանմունքում, պնդում են, որ բժիշկները հարբած են եղել դեպքի պահին եւ նրանք են հրահրել ծեծկռտուքը: