Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դեռ քննարկում են, թե կառավարությունն իրենց 12 պահանջներից որոնք է կատարել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Գյումրիում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Երկիրը քանդվում է, հետեւաբար հրատապ է համախմբվելը: Առանց ձեզ՝ մենք ոչինչ անել չենք կարող: Ամիսներ առաջ մենք իշխանություններին ներկայացրինք այն պահանջները, որոնք չկատարումը բերում էր փլուզման համապատասխան ոլորտը: Դրանք հայտնի են՝ 12 կետ անվանումով: Որքան էլ իշխանություններն ասում են, որ դա իրենց ծրագրում առկա կետեր են եւ կարեւոր նշանակություն չունեն, մենք չհավատացինք: Մենք դեռ քննարկում ենք արդյունքները: Մենք նաեւ կնկարագրենք, թե հետագայում ինչ քայլեր ենք կատարելու»,- ասաց պատգամավորը:

ԲՀԿ-ականի խոսքով՝ այսօր Գյումրիում ամենամեծ խնդիրը արտագաղթն է. ամենաշատը հենց այս քաղաքից են շատերը հեռացել:

«Ես Շիրակում շատ եմ եղել, համոզվել եմ, որ մեր իշխանությունների հետեւանքով ունենք մի իրավիճակ, երբ մարդկանց մեծ մասն ուղղակի տոկոսի տակ է: Մարդը ինչ-որ բան անելու համար ստիպված տոկոս է վերցնում եւ սա այս իշխանությունների տապալումների շնորհիվ: Մեր պահանջների մեջ բանկային տոկոսային դրույքների մասին հստակ կետ ունեինք, սա չլուծվեց, եւ մենք այժմ մեծ խնդիր ունենք»,- ավելացրեց Ստեփան Մարգարյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը գյումրեցիների հետ խոսեց նաեւ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի մասին՝ նշելով, որ ժամանակին իրենք կողմ էին 1 տոկոսին, սակայն դեմ էին փաստաթղթավորմանը:

«Իշխանություններն ադեկվատ չեն մոտենում մեր առաջարկներին եւ Հայաստանը տանում են կործանման: Մենք հասնելու ենք նրան, որ ՓՄՁ-ներին թույլ կտան աշխատել: Գոնե այս խնդիրները լուծեն, ընկել են Սահմանադրական բարեփոխումների մասին: Երկրում նոր իշխանություն է ձեւավորվելու, նախագահի հեռանալուց հետո նոր քաղաքական իշխանություն է ձեւավորվելու, իսկ իրենք խորհրդարանական կառավարման համակարգ են ներդրում, որ գործող իշխանությունը վերարտադրվի: Համոզված եմ, որ դուք էլ եք դեմ նման փոփոխությունների: Ինչքան էլ ուզենք, մենք՝ քաղաքական ուժերս, միայնակ չենք կարող սրա դեմն առնել, դուք պետք է մեր թիկունքին կանգնեք»,- ավելացրեց պատգամավորը՝ կոչ անելով գյումրեցիներին հոկտեմբերի 10-ին հավաքվել Ազատության հրապարակում: