Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր  պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսը,  որին ներկայացված է  նաեւ հայկական 15 ընկերությունների արտադրանքը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե հանդիսավոր բացմանը մասնակցել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Ռուսաստանի Դաշնության վարչապետը ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի ուղեկցությամբ այցելել է նաեւ հայկական տաղավարներ, որտեղ նրան հյուրընկալել են  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  եւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր  դեսպան  Օլեգ  Եսայանը:

Դմիտրի Մեդվեդեւը Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է հայկական տաղավարներով, որտեղ ներկայացված են  մսամթերք, հյութեր,  թարմ պտուղ-բանջարեղենից  պատրաստված պահածոներ, թթու կաթնամթերք, պանիր, ալկոհոլային խմիչքներ, այդ թվում ռուսական շուկայում մեծ պահանջարկ վայելող հայկական կոնյակ:

Համտեսելով հայկական կոնյակը՝ ՌԴ վարչապետը նշել  է, որ այն բարձրորակ է եւ մեծ պահանջարկ է վայելում: ՌԴ վարչապետը բարձր է գնահատել նաեւ   հայկական պանրի որակը, ընդգծելով , որ  կցանկանար ռուսական շուկայում տեսնել հայկական արտադրության  այլ կաթնամթերք եւս:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է  «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքի խնդիրը, քանի որ նրա  շուրջօրյա չգործելու  պատճառով  հնարավոր չի լինում բավարար քանակով արտահանումներ իրականացնել:  ՌԴ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցին կաշխատեն հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ:

Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել  Բելառուսի, Ղրղզստանի,  Թուրքմենստանի Հանրապետությունների գյուղատնտեսության նախարարների հետ:

Հայաստանի Հանրապետության   եւ Սերբիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարները պայմանավորվել են  առաջիկայում ստորագրել համագործակցության համաձայնագիր: