Գյումրեցիները 2013թ.-ի նախագահական ընտրություններին իրենց ձայնը տալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ապացուցեցին, որ ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն: Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Գյումրիում եռյակի մարզային իրազեկման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Արդեն մի քանի օր ոստիկանությունը կանչում է ձեզ, հորդորում չգնալ հանրահավաքի, սակայն ընդամենը մի քանի օրից ոստիկանությունը ծառայելու է ձեզ: Մենք այս տարիներին իշխանություններին տարբեր հնարավարություններ տվեցինք՝ լուծելու երկրում առկա խնդիրները, սակայն չարեցին դա: Հաշվի առնելով, որ նրանք փորձում են ֆեոդալիզմ հայտարարել, հատկապես Սուրիկ Խաչատրյանին մարզպետը նշանակելը, քաղբանտարկյալների ինստիտուտը պահպանել, օրինակ՝ Շանթն ու իր որդին, ապագա չունեն այս երկրում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է համակարգ փոխվի, անձերի փոփոխությունը ոչինչ չի տա:

«Ուստի հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից սկսում ենք այդ բարեփոխումների, փոփոխությունների շրջանը: Այն ուժը, որ գյումրեցիներն են ունեցել եւ դա եղել է նաեւ սպորտում. աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ ունենք, սա ձեր ուժն է, ձեր միասնությունը: Սա պետք է երեւա, եւ այնուհետեւ արդեն իշխանությունները կնահանջեն: Երբեք ընդդիմությունն այսքան ուժեղ չի եղել, երբեք իշխանությունն այսքան թույլ չի եղել: Հոկտեմբերի 10-ին սկսում ենք արմատական փոփոխություններ»,- ավելացրեց կուսակցության փոխնախագահը:

Նշենք, որ եռյակի համատեղ համապետական հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում: