Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ամեն անգամ Գյումրի գնալիս ցավ է ապրում, քանի որ շարունակում է տեսնել անօթեւան մարդիկ, աղքատություն, անկման նշաններ:
«Գյումրիում 1200 անօթեւան կա, իսկ իշխանությունները ճանաչում են միայն 430 անօթեւանի, իսկ բնակարան պատրաստ են հատկացնել միայն 190-ին: Իշխանությունները պնդում են, որ Գյումրին աղետի գոտի չէ, այո համաձայն եմ, Գյումրին չէ աղետի գոտի, այլ ամբողջ Հայաստանն է այս վիճակում: Դաժան բաներ ենք լսում. Գյումրիում 7 տնից 3-ում են մարդիկ ապրում, գյուղերը դատարկ են ամբողջությամբ: Մոնղոլ-թաթարական արշավանք կարծես լինի սա. մարդիկ փախչում են իրենց հայրենիքից: Իսկ ես պատճառը գիտեմ: Աղետ է, սակայն երկրաշարժի նման տարերք չէ, սա իշխանությունների բերած աղետն է, իսկ ես այդպիսիններին մարդ չեմ համարում»,- այսօր՝ հոկտեմբերի 8-ին, եռյակի մարզային իրազեկման հանրահավաքի ժամանակ ասաց Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ իրենք կառավարությանը ներկայացրել են այն պահանջները, որոնք վերաբերվում են հասարակ քաղաքացու խնդիրներին:
«Մի հատ վարչապետ կար՝ Տիգրան Սարգսյան, հիշո՞ւմ եք, մի անգամ նույնիսկ ասաց, որ բա մնան, հեղափոխություն անե՞ն, տեսնում եք՝ նրանք հատուկ ծրագիր ունեն, որ Հայաստանը դատարկվի»,- ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը:
Ինչ վերաբերվում է առեւտրականների բողոքին, ապա գործող իշխանությունները պարզապես ցանկանում են ժամանակ շահել, թուլացնել լարվածությունը, որից հետո նրանք նորից շարունակելու են թալանել ժողովրդին: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է, որ օրենքը վերանայվի:
Հիշեցնենք, որ եռյակի համատեղ համապետական հանրահավաքը տեղի կունենան հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում:




























