Ռուսաստանում մթերքների արժեքը 2014-ի ձմռանը կտրուկ կբարձրանան, հաղորդում է «Պրոնեդրա»-ն՝ վկայակոչելով Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը:
Աղբյուրի համաձայն, թանկացումների գլխավոր պատճառը որոշ եվրոպական երկրներից գյուղատնտեսական մթերքների ներմուծման արգելքն է:
S&P-ի տեղեկատվության մեջ ասվում է, որ արդեն օգոստոսին եւ սեպտեմբերին Ռուսաստանում թանկացել է միսը, թռչնամիսը եւ ձկնեղենը:
Փորձագետները համարում են, որ շուկայից գյուղատնտեսական ապրանքների զգալի քանակով դուրսբերումը իսկական «շոկ» է եղել երկրի տնտեսության եւ գնորդների համար: Ներմուծման արգելքի բացասական էֆեկտը մեղմել կարող է Ասիայի, Լատինական Ամերիկայի եւ ԱՊՀ երկրներից մթերքների ներմուծումը, սակայն գների աճից խուսափել հնարավոր չի լինի:
Գործակալությունը վստահ է, որ նոր մատակարար երկրների որոնումը, ինչպես նաեւ սեփական ագրարային սեկտորի զարգացումը որոշակի ժամանակ կպահանջի, քանի որ այսօր ռուսական արտադրողները ի վիճակի չեն ամբողջությամբ փոխհատուցել մթերքների ներմուծումը:





























