Արտյոմ Կարապետյանի («Շեկո») սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը պնդում է, որ առաջին ատյանի դատարանը Վահե Ղուկասյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելիս անտեսել է մի շարք հանգամանքեր, որոնք կարող էին մեղմացնել պատիժը։ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, պաշտպանը ներկայացրեց իր բողոքը։

Փաստաբանը անտրամաբանական համարեց դատավճռով հաստատված այն փաստը, որ  Վահե Ղուկասյանը դեպքի օրը շրջել է քաղաքով՝ Հարություն Խաչատրյանին («Քավոր Հարութ») գտնելու, սպանելու համար։ Ինչպես նա նշեց՝ Վահե Ղուկասյանն իր ցուցմունքում մանրամասն բացատրել է, թե որ ժամին ինչ նպատակով որտեղ է եղել, ինչը համընկել է հեռախոսազանգերի վերծանման հետ: 

«Շարժառիթը պետք է պարզեին, հո հոգեկան հիվանդի կամ մանյակի մասի՞ն չէ խոսքը: Բոլորը Գյումրիում գիտեն «Քավոր Հարութին» եւ նրա տան տեղը։ Եթե այդ մարդուն ինչ-որ մեկն ուզեր հայտնաբերել, նա պարզապես տան մոտ կսպասեր մինչեւ ավտոմեքենան տնից դուրս կգար եւ հենց տան մոտ կաներ իր գործողությունները, ոչ թե քաղաքով մեկ կշրջեր՝ հույսով, որ պատահաբար կհայտնաբերի կամ ոչ: Չպարզված շարժառիթներն արդեն վկայում են, որ թերի ինչ-որ բան կա այս գործի մեջ»,- ասաց պաշտպանը։

Հայկ Ալումյանը նշեց, որ դատավորը հաշվի չի առել 7 վկաների ցուցմունքները, որոնք պատմել են, որ տեսել են, թե ինչպես է «Շեկոն» կանգնեցրել իր ավտոմեքենան, զենքը ձեռքին դուրս եկել, ինչից հետո լսվել են կրակոցներ:

«Ըստ դատավորի՝ նրանց ցուցմունքներն արժանահավատ չեն, քանի որ նրանք ցանկանում են իրենց պաշտպանության տակ վերցնել Վահե Ղուկասյանին: Դատարանն այդ որոշեց առանց ապացույցների։ Դատարանն իրավունք չունի վկաներին մերկապարանոց մեղադրել սուտ վկայության մեջ, ամեն ինչ մնում է անապացույց»,- նշեց պաշտպանը:

Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց նաեւ, որ դատարանը խախտում է թույլ տվել՝ հիմնվելով  դեպքի ժամանակ Հարություն Խաչատրյանի հետ եղած նրա դստեր ոչ թե առաջին, այլ երկրորդ վկայության վրա, որը նա տվել է դեպքից մեկ ամիս անց. «Դեպքից անմիջապես հետո աղջիկը ցուցմունք է տվել, որ հոր կողքին չի եղել, երբ կրակոցներն սկսվել են։ Բերեցին, արհեստականորեն նկարագրեցին, թե աղջիկը հոր կողքին է եղել։ Դրա համար էլ մեղադրանքը ծանրացրին, նշեցին՝ թե շատերի համար վտանգավոր եղանակով է կատարվել արարքը»։

Պաշտպանի խոսքից հետո Վահե Ղուկասյանը միայն նշեց, որ համաձայն է փաստաբանի բողոքի հետ եւ ասաց. «Չխփեի, ինքն էր խփելու»:

Մեղադրող կողմը դատարանից ժամանակ խնդրեց բողոքում ներկայացված պատճառաբանություններին հակադարձելու համար, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման, փաստաբանը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում։