«AM» իրավաբանական ընկերության միջոցառումը եզակի էր այն առումով, որ միայն սահմանադրական բարեփոխումների քննարկում չէր, այլեւ՝ հնարավորություն ուսանողների համար լսելի դարձնել իրենց ձայնը։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը՝ մեկնաբանելով «AM» իրավաբանական ընկերության նախաձեռնությամբ անցկացված «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» Համապետական ուսանողական մրցույթի անցկացումը եւ այսօր կազմակերպած մասնագիտական քննարկումն ու հաղթած ուսանողների խրախուսումը։
Ինչ խոսք, այս կամ այն ձեւաչափով, ուսանողները ներգրավված են այս աշխատանքներին, բայց, եթե մինչ այս պահն ուսանողներն ավելի շատ ունկնդրի դերում էին եւ մենք իրենց հրամցնում էինք, թե ինչ է կատարվում եւ, եթե մի բան իրենց համար անհասկանալի էր՝ փորձում էինք հանրամատչելի բացատրել։ Ինչ խոսք, արդեն իսկ այս փուլում ուսանողների մոտ ծագում են ինչ-որ առաջարկություններ կամ մտահոգություններ, բայց դրանք համակարգված բնույթ չեն կրում եւ ավելի շատ ոչ բավարար իրազեկվածությամբ են թելադրված։ Կոնկրետ այս միջոցառման արժեքն այն էր, որ մի փոքր այլ հարթակում հանդես եկան ուսանողները՝ ոչ միայն որպես ունկնդիր, այլեւ փորձեցին ավելի ինքնատիպ եւ ինքնուրույն մտքերով հանդես գալ եւ փորձել դա ներկայացնել որոշակի հիմնավորումներով։ Լավ եւ օժտված ուսանողների համար խրախուսումը հավելյալ խթան է ավելի որակյալ աշխատանք կատարելու։ Գիտաժողովի ընթացքում մենք նաեւ լսեցինք ուսանողներին եւ, այդ ելույթների արձագանները հանձնաժողովի անդամների ցույց տվեց, որ, եթե նույնիսկ դրանցից մի քանիսի հետ հանձնաժողովը այս կամ այն հիմնավորմամբ համաձայն չէ, բայց որ դրանք հաստատ քննարկման արժանի գաղափարներ էին դա միանշանակ է։
Հարցին՝ ինչպես է վերաբերում, որ որպես միջացառման նախաձեռնող հանդես է եկել մասնավոր իրավաբանական ընկերություն, Դանիելյանն ասաց, որ նախաձեռնությունը ողջունելի է. «Սակայն ես չէի ցանկանա, որ այնպիսի տպավորություն լիներ, որ հասարակական սեկտորը առաջին անգամ էր փորձում այս կամ այն ձեւաչափով մասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումներին։ Տարբեր ձեւաչափերով հասարակական կազմակերպությունները, այդ թվում նաեւ ընդդիմադիր ուղղվածության, կազմակերպել են նման քննարկումներ։ Այսօրվա միջոցառումը եզակի էր այն առումով, որ միայն սահմանադրական բարեփոխումների քննարկում չէր, այլեւ հնարավորություն ուսանողների համար լսելի դարձնել իրենց ձայնը։ Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ մրցույթին մասնակցել էին հանրապետության բոլոր բուհերը։ Սա լավ ու բարի նախաձեռնություն էր, որը պարունակում էր նաեւ գիտականություն։ Կարծում եմ, որ այս միջոցառումը կդառնա նախադեպ, քանի որ այնքան հաջողված էր, որ պետք է ունենա շարունակություն, եւ տվյալ պարագայում կարեւոր չէ՝ այդ շարունակականությունը կապահովի պետական, թե մասնավոր կառույց։ Այնպիսի մթնոլորտ էր, երբ Սահմանադրությունը եւ սահմանադրական բարեփոխումները դիտարկվում էին ոչ թե քաղաքական շահարկումների տեսակետից, այլ՝ որպես լուրջ մասնագիտական փաստաթութղ եւ երեւույթ»։





























