«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով քննությունը այլ նպատակներ էր հետապնդում, որը կապ չուներ իրավաբանության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ իրենց եւս հայտնել են նախաքննության ավարտի մասին, այժմ հնարավորություն ունեն ամբողջությամբ ծանոթանալու գործի նյութերին, հիմքում դրված ապացույցներին: Գործի նյութերին ծանոթանալուց հետո Երեմ Սարգսյանն ասաց, որ համապատասխան միջնորդություններ կներկայացնեն:
Փաստաբանն ասաց, որ այս պահին նախաքննական մարմնից այլ սպասելիք չկար, բնականաբար գործն այսպիսի որակումներով պետք է ավարտեին եւ ուղարկեին դատարան, որպեսզի ցույց տան, թե, տեսեք, ինչ պատժողական քաղաքականություն ենք վարում: «Գործի այսպիսի քննությունը ես կապում եմ այն հանգամանքի հետ, որ գործ ունեք հասարակական հնչեղության հետ, այս գործով ինչ-որ պաշտոնանատար անձինք փորձում են ցույց տալ իրենց ուժը, հնարավորությունը, մի խոսքով՝ այլ նպատակներ են հետապնդում, համենայն դեպս՝ ոչ իրավաբանական:Կարծում եմ, որ եթե նման հասարակական հնչեղություն չունենար գործը, ավելի օբյեկտիվ որոշում կկայացվեր, նման անհիմն որակումներ չկային»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ այս գործով 3 մեղադրյալ կա:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։





























