ԱՊՀ երկրների արտգործնախարարները Մինսկում հոկտեմբերի 9-ին միջպետական համագործակցության կարեւորագույն հարցեր կքննարկեն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպումը կկայանա Ազգային գրադարանում՝ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի նախագահությամբ:
Ավելի նշանակալի հարցերից է Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 70-ամյակի առթիվ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ուղերձի նախագիծը՝ ուղղված միջազգային հանրությանը:
Նաեւ նախատեսվում է հումանիտար ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող փաստաթղթեր համաձայնեցնել:
Արտգործնախարարները նաեւ կքննարկեն 2015-2017թթ. զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը, նաեւ միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ կարծիքներ կփոխանակեն: Բելառուսում է գտնվում նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:




























